Կորոնավիրուսը ոչ մի տեղ չի կորչի. Այն կարող է ընդմիշտ մնալ. Բրիտանիայում հորդորել են՝ սովորել ապրել COVID-19-ի հետ

Մանրամասներ

ա

Կորոնավիրուսը կարող է ընդմիշտ մեզ հետ մնալ, մենք պետք է սովորենք նրա հետ ապրել: Այդ մասին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը հունվարի 20-ին հայտարարել է Sky News հեռուստաալիքով:

«Կորոնավիրուսը ոչ մի տեղ չի կորչի, այն մեզ հետ կլինի երկար տարիներ, այն կարող է ընդմիշտ մնալ, բայց մենք պետք է սովորենք նրա հետ ապրել»,-հայտարարել է Ջավիդը:

Նախարարը նաեւ հավելել է, որ, հնարավոր է, անհրաժեշտ լինի ամենաամյա պատվաստում անցնել վիրուսի դեմ: Ավելի վաղ Ջավիդը կորոնավիրուսը համեմատել է գրիպի հետ: Sky News-ին տված հարցազրույցում նա պարզաբանել է, որ հարկավոր է նույն ձեւով սովորել ապրել նաեւ COVID-19-ի հետ:

«Ցավոք, մարդիկ մահանում են նաեւ գրիպից: Վատ տարում գրիպից մահանում է շուրջ 200 հազար մարդ, բայց մենք չենք փակում մեր ամբողջ երկիրը եւ անթիվ սահմանափակումներ չենք մտցնում դրա դեմ պայքարելու համար»,-հավելել է նախարարը:

Նա նաեւ հաստատել է առաջիկա շաբաթների ընթացքում չեղարկել կորոնավիրուսով ախտահարված մարդկանց համար ինքնամեկուսացման կանոնները:

Հունվարի 19-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Անգլիայում հաջորդ շաբաթ կչեղարկեն գործնականում բոլոր սահմանափակումները, որոնք անցյալ տարի մտցվել էին օմիկրոն շտամի տարածման դեմ պայքարելու համար:

Մեծ Բրիտանիայի մյուս մասերում սահմանափակումների մասին հարցը կարգավորվում է տեղական իշխանությունների կողմից, այլ ոչ թե՝ Լոնդոնի: Համավարակի ողջ ժամանակաշրջանում Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 15,5 մլն դեպք եւ հիվանդության հետեւանքներից ավելի քան 152 հազար մահ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: