Ալիևը լավ չէ․ Ցայտնոտի մեջ է

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Ալիևը հասկանում է, որ միգուցե ժամանակը կարող է ի վնաս իրեն աշխատել, որովհետև նրանք երբեք չեն ունենալու այնպիսի նվեր, ինչպիսին այսօր Հայաստանի իշխանություն կոչվածն է: Եվ, բնականաբար, Ալիևը շտապում է ստանալ հնարավորինս առավելագույնը, կամ այն, ինչ Ալիևին խոստացել է այս կապիտուլյանտ իշխանությունը: Ես դա չեմ բացառում:

Այս մասին «Հայելի» ակումբում տված իր ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գերագույն մարմնի (ԳՄ) անդամ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա՝ Ալիևի ակտիվանալու պատճառները երկուսն են:

«Ներհայաստանյան պատճառն այն է որ այսօր ՀՀ փաստացի գոյություն չունի: Հայաստանն ի վիճակի չէ պաշտպանել իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Հետևաբար՝ տեսնելով, որ դիմացինը զրո է, աշխարհաքաղաքական իմաստով՝ մինուս անվերջություն, Ալիևը փորձում է ստանալ առավելագույնը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Երկրորդ պատճառը, ըստ բանախոսի, աշխարհաքաղաքական է:

«Բարձր պիկին է հասել Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը: Ճիշտ է, իբր թե սկսվել են բանակցություններ, բայց ակնհայտ է, որ երկու կողմն էլ պատրաստ չեն գնալ բանակցությունների: Եվ Ալիևը փորձում է օգտվել նրանից, որ մեր դաշնակցի կամ Հարավային Կովկասի ամենաէական դերակատարի՝ ՌԴ-ի գլուխը խառն է Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններով, ղազախական խնդիրներով, փորձում է օգտվել առիթից ու հնարավորինս սրել իրավիճակը, շուտ ստանալ դեմարկացիան ու դելիմիտացիան»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը:

Անդրադառնալով ղազախստանյան դեպքերին՝ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Ղազախստանում թե Արևմուտքը, թե Ռուսաստանը ձերբազատվեց թուրքական տարրից՝ ի դեմս Նուրսուլթան Նազարբաևի:

«Այսինքն՝ եթե Ամանորը մենք փակում էինք մի Ղազախստանով, որտեղ կար համաթուրանական հավակնություններ ունեցող առաջնորդ Նազարբաև, հիմա նա գոյություն չունի՝ որպես քաղաքական պերսոնաժ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա՝ ճշմարտություն է այն, որ ՀՀ բոլոր 3 նախագահները Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման կողմնակիցներ են եղել:

«Բայց վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանի բանակցային դիրքերը պինդ են եղել:  Հայաստանը Շուշի ու Հադրութ կորցրած չի եղել, Հայաստանի տարածքից, ըստ նույն կապիտուլյանտ ռեժիմի առաջնորդի հայտարարության, Ադրբեջանը 41 կմ զավթած չի եղել, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ն ադրբեջանցիների վերահսկողության տակ չի եղել, մաքսակետ չեն դրել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ այս իշխանությունը Թուրքիայի բոլոր նախապայմանները կատարել է:

ՀՀԿ ԳՄ անդամի խոսքով՝ մինչ պատերազմն այս իշխանությունների կողմից ընդունված ազգային անվտանգության ռազմավարության ծրագրում՝ որպես նպատակ, հանվել է հայապահպանությունը:

«Դիվանագիտության մեջ ամեն ինչ մանրուքներից է կախված: Եթե Թուրքիայի հետ բանակցությունների Թուրքիան գնում է դրոշով, դու՝ առանց դրոշի… Ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա՝ նշելով, որ այսօր Թուրքիայի հետ հարաբերությունների գնալը նման է ինքնասպանության:

Խոսելով նախկին իշխանությունների ժամանակ բանակցված ֆուտբոլային դիվանագիտությունից՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այդ ժամանակ պայման դնողը Հայաստանն է եղել:

«Ֆուտբոլային դիվանագիտությունը Թուրքիան Ղարաբաղյան գործընթացից հեռացնելու մասին էր, իսկ այսօրվա գործընթացը Թուրքիան Ղարաբաղյան գործընթաց մտցնելու մասին է»,- ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը:

Նա հիշեցրեց նաև, որ այդ արձանագրությունների ստորագրումից հետո նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի Խորհրդարանը դրանք կվավերացնի միայն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի վավերացումից հետո:

Անդրադառնալով իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին՝ Էդուարդ Շարմազանովը պնդեց՝ դա արվում է Հայաստանի Երրորդ Հանրապետությանը վերջակետ դնելու նպատակով:

«Մեր Սահմանադրության պրեամբուլայի մեջ հստակ ձևակերպված է Ցեղասպանության մասին, Արցախի մասին… Սրանք դրանցից պիտի ազատվեն»,- ասաց նա:

Բանախոսը կարծում է՝ Ալիևը վախենում է ռևանշից, քանի որ տեսնում է՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իջնում է, քանի որ հայ ժողովուրդը սկսում է արթնանալ խորը ապատիայից:

«Ալիևն էլ է ցայտնոտի մեջ. նա շատ լավ գիտակցում է, որ Ղարաբաղյան խնդիրը չի լուծվել: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քացով ապտակեց Ալիևին և բոլոր նրանց, ովքեր գտնում են, որ ղարաբաղյան խնդիրը հանգուցալուծվել է՝ ասելով, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդիրը որևէ կապ չունի Ղարաբաղյան խնդրի հետ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս պնդում է՝ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերի հիման վրա, որտեղ ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր էր:

Մանրամասները՝ տեսանյութում