Խստիվ հրամայում եմ. ոչ մի դասադուլ, ոչ մի կոնֆերանս. պատվերը քաղաքական է, ուղղված է անձամբ իմ դեմ. Արմեն Դարբինյան

Մանրամասներ

ա

Իմ և Հայ-Ռուսական համալսարանի գործունեության առիթով ֆալսիֆիկացված տվյալների հիման վրա հարուցված քրեական գործի պատվիրատուներին հակազդելու առաջարկով ինձ դիմել են համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը՝ արտահերթ Գիտխորհուրդ և համալսարանի Կոնֆերանս հրավիրելու պահանջով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Նա նշել է, որ իրեն դիմել են նաեւ համալսարանի ուսանողությունը՝ դասադուլ և ցույցեր անելու առաջարկով, բազմաթիվ ծնողներ՝ տարբեր հասցեներով կոլեկտիվ նամակներ գրելու առաջարկով, հազարավոր արդեն շրջանավարտներ՝ համալսարանի դիմաց հավաքվելու, իրավիճակի կապակցությամբ իրենց զայրույթը արտահայտելու և ռեկտորին աջակցություն ցուցաբերելու մղումով, բազմաթիվ արժանապատիվ հայեր՝ սատարման և աջակցության առաջարկություններով:

«Անչափ Շնորհակալ եմ բոլորին:

Համալսարանական անձնակազմին սակայն ռեկտորի իրավունքով խստիվ հրամայում եմ.

Ոչ մի դասադուլ, ոչ մի Գիտխորհուրդ կամ Կոնֆերանս այս հարցով: Պատվերը քաղաքական է, ուղղված է անձամբ իմ դեմ, իմ սեփական ուժերը լրիվ բավարար են այս գրոհը կասեցնելու և պատվիրատուներին ամաչեցնելու համար: Համալսարանը ինչպես եղել, այնպես էլ մնում է ու կմնա քաղաքական խաղերից դուրս, Ակադեմիական Ազատության, Սիրո, Արդարության, Անձնային աճի, Համերաշխության, Համագործակցության և Արժանապատվության բացառիկ կղզի: Ես եղել և մնում եմ դրա երաշխավորը: Համալսարանը շարունակում է իր կառուցողական ու հաղթական ուղին»: