Այդ ողջ իշխանությունը մի հատ ֆլեշկի մեջ կարա տեղավորվի․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ

1

Վերջին 15 տարվա ընթացքում իրականություն դարձան 90-ականների դիստոպիկ գիտաֆանտաստիկ կինոների և դրանց գրական նախահայրերի կանխատեսումները: Ռոբոտները գերազանցում են մարդկանց, մարդիկ չիպավորվում են, գլոբալ ապոկալիպտիկ վիրուսները գլուխ են բարձրացնում, պետությունները դադարում են գոյություն ունենալ, իսկ կորպորացիաները աստիճանաբար վերածվում են ավտորիտար ու ինքնավար ինստիտուտների:

Գալիք տասնամյակների ընթացքում իրականություն են դառնալու արդեն «Marvel»-ի ոճի ֆենթզի ժանրի ստեղծագործությունները, երբ մի անհատ, տիրապետելով մի փոքր քարի կոտրի, կամ բյուրեղի, կամ, ասենք, մի քանի տեռավատանոց ֆլեշկայի կկարողանա տիրել աշխարհը ու իրեն աստված զգալ:

Դեռ 500 տարի առաջ իշխան էր նա, ով կարում էր հող գրավել, ու պաշտպանել: Ով շատ հող ուներ նա էլ հզոր էր: 18-րդ դարից սկսած առաջ մղվեցին նրանք, ովքեր այդ հողը կարողացան առավել արդյունավետ շահագործել: Եվս 100 տարի անց արդեն հողի քանակը էական չէր, էականը արտադրության տեխնոլոգիաներին տիրապետելն ու կիրառելն էր, բայց նույնիսկ ամենահարուստ ինդուստրիալիստը ստիպված պիտի հաշվի նստեր իր գործարանի գտնվելու վայրի իշխանությունների, ասել է թե, հողի տիրոջ հետ: Նույնիսկ եթե գործարաններդ վաղուց ծախել ես, ու մի քանի միլիարդ դոլարդ Շվեյցարական բանկում էին, չկար երաշխիք, որ դու քո այդ մի քանի միլիարդը կարող ես ազատ տեղաշարժել:

Հիմա, երբ միլիարդավոր դոլարները ֆիզիկական ներկայություն չունեն և փոխարինվում են բլոքչեյնի հասարակ կոդով, որը կարա գրված լինի փոքր թղթի կտորի վրա, փողատերը այլևս վերահսկելի չէ: Ոչ մեկ չի կարող իմանալ` բիթքոյին ունեցող անձը կոնկրետ ինչքան փող ունի, ու որտեղ է այդ փողը: Մինչդեռ փող գեներացնելու հիմնական միջոց է դառնում տեղեկատվությունը, որն էլ ավելի անվերահսկելի է: Նա, ով կունենա աշխարհի խոշորագույն դատաբազայի մուտք գործելու բանալի, կլինի աշխարհի տերը:

Աշխարհաքաղաքական առումով սա նաև նշանակում է, որ փոքր երկրները, որոնք կկարողանանք խոշոր ցանցեր կառուցել, էականորեն կգերազանցեն խոշոր պետություններին: Վատիկանի կամ Սիթի օֆ Լոնդոնի նման ինստիտուտները, համագործակցելով վիրտուալ ցանցերի ու բիգ դատայի հետ, շատ մեծ պոտենցիալ ունեն մոլորակին տիրելու` զուտ իրենց տեղեկատվական պաշարի ու այդ տեղեկատվությունը կուտակելու համար ստեղծված ցանցերի շնորհիվ: Եվ այդ ողջ իշխանությունը մի հատ ֆլեշկի մեջ կարա տեղավորվի:

Արթուր Դանիելյան