Հայ-Ռուսական համալսարանի Իրավաբանական վարչության պետը պատասխանել է Գլխավոր դատախազությանը

Մանրամասներ

ա

Անդրադառնալով Գլխավոր դատախազության կողմից Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի գրառման հրապարակային արձագանքին` անհրաժեշտ եմ համարում նշել հետևյալը.

-Քրեական գործ հարուցելու փաստը՝ Ձեր կողմից հիշատակված «նյութերի» հիման վրա զուրկ է որևէ տրամաբանությունից, քանզի այդ պաշտոնական նյութերում չկա որևէ անդրադարձ՝ Ձեր հիշատակած ՛՛առերևույթ՛՛ խախտումների կամ հանցանքի մասին:

-Ձեր հաղորդագրությունում նշված ՌԴ Դատախազության կողմից ստացված “նյութերը՛՛ վերաբերում են Հայ-Ռուսական համալսարանում մեկ տարի առաջ կատարված երկու ստուգումներին. ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության կողմից, որի ընթացքում չի արձանագրվել որևէ էական խախտում և արձանագրված աննշան թերությունները

Համալսարանի կողմից վերացվել են: Վերջինիս մասին վկայում է ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության համապատասխան վարչության պետ Օ. Մ. Յակիմչուկի 28.09.2021թ. N 07-1710 գրությունը առ այն, որ Համալսարանի կողմից թույլ տրված ոչ էական, աննշան խախտումները ամբողջությամբ վերացված են:

Ավելին, որ ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը լիազորված չէ ստուգելու համալսարանների բյուջետային հարաբերությունները, գնումների գործընթացը, հաշվապահական հաշվառման և այլ ածանցյալ ոլորտները: Տվյալ պարագայում մեր համար զարմանալի է թե բարեհաջող ավարտված ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության կողմից դրական եզրակացություն ստացած և ենթադրյալ խախտումներին վերաբերելիություն չունեցող ստուգման նյութերը ինչպես կարող էին հանդիսանալ քրեական գործի հարուցման առիթ:

-Ոչ պակաս զարմանալի է այն հանգամանքը, որ ՌԴ Դատախազությունը նման փաստաթուղթ է ուղարկել ՀՀ Դատախազություն, ինչը առանձին քննության կարիք ունի և հաստատում է ռեկտորի գնահատականը՝ ՛՛գործի՛՛ պատվիրված և հորինված լինելու վերաբերյալ:

-Շատ ավելի հետաքրքիր և երկարատև պատմություն ունի Ձեր կողմից նշված երկրորդ ստուգումը, մասնավորապես ՌԴ գիտության և կրթության նախարարության վերահսկողության և ստուգման դեպարտամենտի կողմից իրականացված պլանային, համալիր, խառը ստուգումը: Տվյալ ստուգումը իրականացվել է նույնպես 2021 թվականին, որի վերջնական ակտը կազմվել և ուղարկվել է

Համալսարանին 12.03.2021թ.: Պետք է նշեմ, որ տվյալ ակտում ևս արձանագրված չէ որևէ լուրջ, էական խախտում, առավել ևս դրանցում չեն կարող լինել քրեորեն հետապնդելի խախտումներ:

Ավելին, 29.03.2021 թվականին Համալսարանին է ուղարկվել եզրակացություն, որում ռուսական կողմը կետ առ կետ անդրադարձել է ակտում արձանագրված բոլոր կետերին` գրեթե բոլոր կետերում նշելով խախտումների բացակայության վերաբերյալ: Արդյունքում Համալսարանի և ՌԴ գիտության և կրթության նախարարության վերահսկողության և ստուգման դեպարտամենտի միջև հաստատվել է միջոցառումների պլան, և, պարբերաբար, Համալսարանը նախարարության հետ համաձայնեցված շտկում է նշված պլանում առկա ոչ էական խախտումները: Տվյալ գործընթացը կրում է շարունակական բնույթ, և իրադարձությունների նման զարգացումը անտրամաբանական և անհասկանալի է:

-Հաշվի առնելով վերոշարադրյալը` մեզ համար տարակուսելի են Ձեր գրության մեջ տեղ գտած խախտումների որակումները: Պետք է նշեմ, որ նման, քրեական գործի հարուցման հիմքում հայտնված, իրականության հետ աղերս չունեցող որակումներ և խախտումներ փորձում էին ստուգման ընթացքում հրամցնել և զետեղել վերջնական ակտում հանձնաժողովի որոշ անդամներ, որոնցից մեկը, ի դեպ, կաշառակերության մեղադրանքով կալանավորված է Ռուսաստանի Դաշնությունում:

Ամփոփելով` ևս մեկ անգամ ուզում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը այն հանգամանքին, որ գրեթե մեկ տարի առաջ հաջողությամբ ավարտված ստուգումների նյութերի հիման վրա մեկ տարի անց քրեական գործի հարուցումը անիրավաչափ է, և մեր կողմից միանշանակորեն կբողոքարկվի դատական կարգով:

Սասուն Բաղդասարյան

Հայ-Ռուսական համալսարանի Իրավաբանական վարչության պետ

 

Իրավաբանական գիտությունների թեկնածու