Մարուքյանն ու Ծառուկյանը չեն կարող ընդդիմություն լինել Փաշինյանին. Նարեկ Սամսոնյան

Ընդդիմության ֆունկցիան իշխանությանը քննադատելն է

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի համոզմամբ՝  Էդմոն Մարուքյանն ու Գագիկ Ծառուկյանը չեն կարող ընդդիմություն լինել Նիկոլ Փաշինյանին:

Նրա խոսքերով ընդդիմության ու իշխանության հարաբերակցությունը ոչ թե հայհոյանքի չափով են հաշվում քաղաքականության մեջ, այլ ընդդիմության ունեցած քննադատության պոտենցյալով ուղղված իշխանությանը:

ArmeniaDaily.am-ին տված հարցազրույցում Նարեկ Սամսոնյանը նշեց, որ եթե անձերի մակարդակում՝ հակադրության համատեքստում ընդդիմությունը խոնարհվում է իշխանության առաջ, ապա այդտեղ չի կարող լինել որևէ արդյունավետ պայքար:

«Ընդդիմության ֆունկցիան իշխանությանը քննադատելն է, իսկ այսօր խորհրդարանում գտնվող 2 ընդդիմադիր ուժերը ոչ թե ասում են, որ իրենք ընդդիմադիր են, այլ ասում են, թե ով ինչքան է օգնել Նիկոլին ու ինքան է պատրաստ օգնել Նիկոլին: Ընդդիմությունը չի լինում անունով»,-ասաց մեր զրուցակիցը: