Պետությունն անվճար կապահովի նաև մասնավոր դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտների դասագրքերը

Մանրամասներ

ա

ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում ոչ միայն պետական, այլ նաև ոչ պետական դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտների դասագրքերն ապահովել անվճար՝ այսինքն պետբյուջեի հաշվին: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց հեղինակ Սիսակ Գաբրիելյանը:

Պետական դպրոցներում տարրական դասարանի աշակերտներին դասագրքերը փաստացի անվճար, այսինքն պետբյուջեի հաշվին տրամադրվում է 1-4-րդ դասարանների աշակերտներին: «Այս առումով որոշակի խնդիրներ էին առաջանում ոչ պետական դպրոցների հատվածում: Կային որոշակի խոչընդոտներ, այդ դասագրքերի վաճառքն արգելվում էր: Բայց ստացվում էր այնպես, որ մենք փաստացի ունենք ոչ պետական դպրոցներ՝ 4 տասնյակից ավել, մի կողմից էլ օրենքն արգելում էր դասագրքերի վաճառքը, մյուս կողմից էլ մենք մեր օրենքներով պարտադրում էինք, որ այդ դպրոցները, անկախ իրենց իրավական կարգավիճակից, պետք է հենց այդ դասագրքերով, հենց այդ ծրագրերով անցկացնեն երեխաների կրթությունը: Եվ այստեղ էր հակասությունը, այդ դպրոցներն ամենատարբեր միջոցներով փորձում էին հայթայթել այդ դասագրքերը»,-ասաց Գաբրիելյանը:

Պատգամավորը շեշտեց, սակայն, որ այդ դասագրքերը տրամադրվում էին ոչ թե դպրոցներին, այլ երեխային, և հետևաբար որևէ տարբերություն չպետք է դրվի, թե այդ երեխան որ դպրոց է հաճախում: Այսպիսով նախագծով առաջարկվում է սահմանել. «Տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով»:

Ոչ պետական դպրոցներում 1-4-րդ դասարանների աշակերտների թիվը 4018 է:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց, որ խոսքը երեխաների կրթության իրավունքի մասին է, և դա պետք է կախված չլինի նրանից, թե երեխան որ դպրոցում է սովորում: «Եվ այո, ունենք իրավիճակ, որ 4000-ից մի փոքր ավել երեխաներ տարրական դասարաններում սովորում են ոչ պետական դպրոցներում: Եվ կարևոր է, որ պետական հոգածությունը և նրանց իրավունքի իրացումը տեղի ունենա նաև այդ պարագայում:

Այդ փոփոխության արդյունքում գնահատականների համաձայն շուրջ 53 մլն դրամ պետք է հատկացվի: Հաջորդ տարվա բյուջետային հայտում արդեն համապատասխան շտկումները կարվեն, իսկ այս տարվա ընթացքում իրականացման հնարավորությունը նախարարությունը պատրաստ է քննարկել: