Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չաշխատեց, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ կար ագրեսիա

Մանրամասներ

1

Եթե այդպես է և նրանցից էր կախված ՀԱՊԿ աշխատեցնելը, ինչո՞ւ չէին աշխատեցնում այն ժամանակ, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ կար ագրեսիա: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով ԱԽ քարտուղարի հայտարարություններին:

«Ես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մտքերից վաղուց արդեն չեմ զարմանում։ Ի՞նչ է նշանակում՝ մենք կարողացանք առաջին անգամ ՀԱՊԿ-ը աշխատեցնել։ Եթե այդպես է և նրանցից էր կախված ՀԱՊԿ աշխատեցնելը, ինչո՞ւ չէին աշխատեցնում այն ժամանակ, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ կար ագրեսիա, ընդ որում՝ այդ ագրեսիան դեռ ավարտված չէ, այսինքն այս պահին մեր տարածքում են գտնվում թշնամու զորքերը։ Եթե դա ԱԽՔ քարտուղարությունից էր կախված, ապա ինչու այն ժամանակ ջանքեր չէին գործադրում մեխանիզմներն աշխատեցնելու համար, թե՞ Ղազախստանի համար ավելի սրտացավ են։

Այսինքն գլուխ են գովում մի բանի համար, ինչի հետ ակնհայտ է, թե նրանք որքան կապ ունեն: Ի՞նչ է նշանակում նման իրավիճակ, այսինքն եթե Հայաստանում էլ ցույցեր լինեն, ՀԱՊԿ-ին խնդրելո՞ւ են։ Փաստն այն է, որ Հայաստանի տարածքի նկատմամբ եղել է ու կա ագրեսիա, և ՀՀ-ն չի կարողացել ՀԱՊԿ-ից ստանալ օգնություն։

Մինչև հիմա պարզ չէ՝ արդյոք մենք գրավոր ընթացակարգով, պատշաճ ձևով նոյեմբերին դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ օգնության ակնկալիքով։ Ղազախստանն այս ընթացքում ՀԱՊկ-ից ստացավ այն, ինչ իրեն հարկավոր էր, իսկ ՀՀ-ն չկարողացավ, ունենք անսկզբունք, անտեսակետ և անկարող իշխանություն, որը չի կարողանում պաշտպանել երկրի անվտանգությունը»,- ասաց Սաղաթելյանը։