Թուրքմենստանի նախագահը կարգադրել է մարել «Դժոխքի դարպասները»

Մանրամասներ

1

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կառավարությանը հանձնարարել է Կարակում անապատում գազային խառնարանը մարելու միջոց գտնել, որը հայտնի է նաեւ որպես «Դժոխքի դարպասներ», հայտնում է «Sputnik Մերձավոր արտասահման»-ը` վկայակոչելով թուրքմենական հեռուստատեսությունը:

Ինչպես նշել է պետության ղեկավարը, երկար տարիներ այս տարածքում հսկայական քանակությամբ արժեքավոր գազ է այրվել։ Բացի այդ, դա բացասաբար է անդրադառնում մոտակայքում ապրող մարդկանց շրջակա միջավայրի եւ առողջության վրա։

Կարակում անապատում այրվող գազային խառնարանը ժողովուրդը «Դժոխքի դարպասներ» է կոչել։ Այն գտնվում է Աշխաբադից մոտ 260 կիլոմետր դեպի հյուսիս եւ արդեն տեսարժան վայր է դարձել գիտնականների եւ զբոսաշրջիկների համար:

1971 թվականին խորհրդային երկրաբաններն այս տարածքում բնական գազի կուտակում հայտնաբերեցին։ Նրանք հորատանցք փորեցին, բայց սողանք տեղի ունեցավ: Մարդկանց եւ կենդանիների գազային թունավորումից խուսափելու համար երկրաբանները որոշեցին այն հրկիզել։ Նրանք կարծում էին, որ ժամանակի ընթացքում կրակը կհանգչի։

Սակայն գազն այսօր էլ է այրվում։ «Դժոխքի դարպասների» տրամագիծը մոտ 60 մետր է, խորությունը՝ մոտ 20 մետր։