Վարդենիսի քաղաքապետը երդվեց համայնքապետարանի բակում

Մանրամասներ

1

Վարդենիսի նորընտիր քաղաքապետ Ահարոն Խաչատրյանի երդման արարողությունը տեղի ունեցավ համայնքապետարանի բակում, քանի որ ոստիկաններն այդպես էլ չթույլատրեցին ավագանու անդամների մուտքը համայնքապետարանի շենք:

Նորընտիր քաղաքապետը իր խոսքում նշեց. «Սիրելի վարդենիսցիներ, Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրության, ինչպես նաեւ երդմնակալության  ընթացքում ստեղծվեցին բազմաթիվ արհեստական խոչընդոտներ, բայց ինչպես տեսնում եք` մեր թիմն իր նպատակին հասնելու ընթացքում հաղթահարեց այդ խոչընդոտները, չընկրկեց ոչ մի դժվարության առաջ, վստահեցնում եմ ձեզ, որ ավելի նվիրումով ու ոգեւորությամբ կյանքի ենք կոչելու բոլոր ծրագրերը, չենք կանգնելու ոչ մի դժվարության առաջ»: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։

Դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ավագանու անդրանիկ նիստը, որտեղ քաղաքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը։