Հայաստանյան ընդդիմության մեջ չկան հեղափոխական ուժեր

Մանրամասներ

Իշխանությունը կարելի է վերցնել միայն երկու ճանապարհով՝ ընտրություններով եւ հեղափոխական մեթոդներով, այդ թվում՝ ընտրական գործընթացներից հետո։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ի TALK TIME հաղորդաշարին, ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նա պարզաբանեց, որ հեղափոխության համար պետք է պատրվակ, պետք է վերջին կաթիլ, որը կպայթեցնի իրավիճակը, սակայն հայաստանյան ընդդիմության խնդիրն այն է, որ նրա մեջ չկան հեղափոխական ուժեր։

«Մինչեւ այս պահը նա հստակ ցույց է տվել, որ ի վիճակի չէ գնալ այդ ճանապարհով»,- նշեց վերլուծաբանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները տարին ամոթալի կերպով ավարտեցին՝ պատերազմից հետո չձեռնարկելով ոչ մի քայլ, որը թույլ կտար դուրս գալ այս վիճակից։

«Ոչ մի լուրջ աշխատանք չանցկացվեց բանակում եւ ընդհանրապես անվտանգության ոլորտում։ Պետականությունը շարունակում է մնալ խարխլված վիճակում, տնտեսական վիճակը վատթարանում է, պետական պարտքն ու ինֆլյացիան աճում են։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար իշխանությունները պետք է իրենց բոլոր ուժերն ուղղեին բանակն ու անվտանգության համակարգը ուժեղացնելուն։ Առանց նրանց մենք կհայտնվենք խոցելի վիճակում, որի դեպքում ադրբեջանական ստորաբաժանումները կշարունակեն առաջխաղացումը այնքան, որքան ուզենան, գերի կվերցնեն մեր զինծառայողներին եւ նույնիսկ անխոչընդոտ կներթափանցեն խոշոր քաղաքներ։ Սա իշխանությունների բարձիթողի քաղաքականության արդյունքն է, որոնց չեն հետաքրքրում երկրի անվտանգության խնդիրները, այլ հետաքրքրում են միայն իրենց պարգեւավճարները, մեքենաները եւ հաճույքները»,- ընդգծեց Կիվիրյանը։

Նա նշեց, որ իշխանության բոլոր ոլորտներում ձախողում են գրանցել, եւ միայն մեկ բանում են հաջողել՝ կարողացել են ամրապնդել իրենց դիրքերը՝ պետական լծակները զավթելու եւ տիրանալու տեսանկյունից։

«Իսկ այսպես, ես կարծում եմ, որ իշխանությունը, պատկերավոր ասած, գցած է փողոցում։ Ներկայիս վարչախումբն ամրապնդվել է պետական համակարգը ջարդելու եւ իրեն հավատարիմ անձանց առանցքային պաշտոններում նշանակելու ճանապարհով։ Սա սնուցում է պետական համակարգի փլուզումը, բայց թույլ է տալիս այն ենթարկեցնել Փաշինյանին։

Ընդհանուր առմամբ, մեզ դժվար տարի է սպասվում, բայց եթե ուզում ենք պետականություն ունենալ, պետք է համառորեն պայքարել ամեն մետրի համար եւ ամեն հարցում»,- եզրափակեց վերլուծաբանը։