Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը

Մանրամասներ

1

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 30-ի նիստում վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը։

44-օրյա պատերազմի ժամանակ՝ անցած տարվա հոկտեմբերին, գործադիրի որոշմամբ արգելվեց անցած տարվա դեկտեմբերի 31-ից թուրքական ծագմամբ ապրանքներ ներկրել Հայաստան՝ «հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողությունները»։

Արգելքը սահմանվեց կես տարով։ Այնուհետև այս հունիսին այն երկարաձգվեց ևս կես տարով, որի ժամկետը ավարտվում է վաղը։

Ավելի քան երկու շաբաթ առաջ Էկոնոմնիկայի նախարարությունը տեղեկացրել էր, որ արգելքը լրացուցիչ վեց ամսով երկարաձգելու որոշման նախագիծ է մշակվում, սակայն այն այդպես էլ չհայտնվեց կառավարության օրակարգում։

Այսօր գործադիրի այս տարվա վերջին նիստն էր, և նման որոշման նախագիծ չկար, ինչը նշանակում է, որ մեկ տարի գործող արգելքը գալիք տարվա հունվարի 1-ից այլևս չի գործելու։