Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով

«Հրապարակ»

1

«Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, հունվարից գործը կմտնի դատարան։ Օրերս նրա պաշտպանները միջնորդել են քննիչին, որ քրեական հետապնդումը դադարեցվի, սակայն միջնորդությունը մերժվել է: Նրանք պատրաստվում են այդ մերժումը բողոքարկել դատախազություն։ Տոնոյանը փաստաբաններին ասել է, որ եթե բողոքը մերժվի, այդ ժամանակ կգա խոսելու պահը, եւ ինքն այլեւս չի լռելու՝ հանդես է գալու սենսացիոն բացահայտումներով։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում՝ նախկին Պնախարար Դավիթ Տոնոյանին, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավո»-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին։ Տոնոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խոշոր չափերով յուրացում կատարելու հատկանիշներով։ Խոսքը մոտ 2 մլրդ 277 մլն 323 հազար ՀՀ դրամի մասին է»,-գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։