ԱՄՆ-ն կսկսի ՌԴ-ի հետ կնքած միջուկային համաձայնագրից դուրս գալու գործընթաց

Ամերիկյան կողմը հայտարարել է , որ Ռուսաստանը խախտում է համաձայնագրի պայմանները

Միացյալ Նահանգները փետրվարի 2-ից կսկսի 1987թ. ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրից դուրս գալու գործընթացը:
Ինչպես նշում է rt.com-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինության վերահսկման հարցերով տեղակալ Անդրեա Թոմփսոնը՝ ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Վաշինգտոնի միակողմանի դուրս գալը համաձայնագրից տեղի է ունենալու օրերս այս հարցով Ժնևում կայացած, սակայն արդյունք չտված ռուս-ամերիկյան բանակցություններից հետո:
Թոմփսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը խախտում է համաձայնագրի պայմանները և որ ռուսական արտադրության 9M729 հրթիռային համակարգերը համաձայնագրի պայմաններին դեմ են:
Ըստ 1987թ. կնքված փաստաթղթի՝ գործողության 500-5500 կմ շառավղով ցամաքային միջուկային հրթիռների արտադրությունն արգելված է:
Ռուսական կողմի պնդմամբ՝ թեև Վաշինգտոնը որևէ հիմնավոր ապացույց չունի, սակայն շարունակ պնդում է, որ 9M729-ը 500 կմ-ից ավելի մեծ գործողության շառավիղ ունի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնևում բանակցությունների տապալումից հետո հայտարարել է, որ  Ռուսաստանը հետաքրքրված չէ ԱՄՆ-ի հետ սպառազինության նոր մրցավազքով՝ նախազգուշացնելով նախագահ Դոնալդ Թրամփին, որ այս քայլը սարսափելի հետևանքներ կարող է ունենալ: