ՄԱԿ-ն օգնություն է ցուցաբերում Գվատեմալայի սահմանը հատած գաղթականների «քարավանի» շուրջ 2000 անդամի

Նրանք Հոնդուրասից գնում են Միացյալ Նահանգներ

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն օգնություն է ցուցաբերում Գվատեմալայում գաղթականների «քարավանի» շուրջ 2000 անդամի, գրում է РИА Новости-ն:
«Քարավանը» ճանապարհ է ընկել հունվարի 14-ի գիշերը՝ Հոնդուրասի Սան Պեդրո Սուլա քաղաքից, և շարժվում է դեպի ԱՄՆ-ի սահման: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանք Գվատեմալա են հասել: «Քարավանի» անդամների հստակ թիվը հայտնի չէ: 
«Այսօր մոտ 2000 մարդ հատել է Գվատեմալայի սահմանը, որտեղ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջնորդությամբ քաղաքացիական հասարակության կողմից նրանց օգնություն է ցուցաբերվում»,- ասել է գրասենյակի ներկայացուցիչ Դիանա Դիասը:
Այժմ ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին Կենտրոնական Ամերիկայից ժամանած մի քանի հազար գաղթական է կուտակվել: Տարբեր գնահատականներով՝ Մեքսիկայի Տիխուանա և Մեխիկալի քաղաքներում 6-9 հազար գաղթական կա Հոնդուրասից, Գվատեմալայից և Էլ Սալվադորից: 
Սահման հասած գաղթականների մի մասը ետ է վերադարձել, մի մասն էլ որոշել է մնալ Մեքսիկայում: ԱՄՆ իշխանությունները սահմանին հսկողությունն ուժգնացնելու նպատակով այնտեղ մի քանի հազար զինծառայող են տեղակայել: