Հույս ունենք, որ 2022-ին հնարավոր կլինի Հայաստանում և Արցախում ձևավորել բոլորովին նոր տրամադրություններ. Փաշինյան. Տեսանյութ

Մանրամասներ

ա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցներին գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք: 

Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Կենտրոնական բանկի հարգելի նախագահ,

գործադիր իշխանության, բանկային համակարգի հարգելի ներկայացուցիչներ,

մեր տնտեսությունը շատ ծանր ժամանակներ է վերապրել, հույս ունեմ՝ արդեն այդպես կարող ենք ասել, որովհետև 2020 թվականից վրա հասավ կորոնավիրուսի համավարակը, ինչը ֆինանսատնտեսական համակարգին ուժեղ հարված էր, որից հետո եկավ երկրորդ հարվածը՝ պատերազմի տեսքով, այնուհետև եկավ երրորդ հարվածը՝  ներքաղաքական ճգնաժամը: Պիտի արձանագրենք, որ այս ողջ ընթացքում ՀՀ բանկային համակարգը, որը նախկինում էլ լուրջ փորձությունների կարողացել էր դիմակայել, այս փորձությունը նույնպես հաջողությամբ անցավ, և սա չափազանց կարևոր է ոչ միան տնտեսական, այլև քաղաքական ու հոգեբանական կայունության համար:

Կարծում եմ՝ այս առումով պետք է մեր գնահատանքի խոսքն ասենք Հայաստանի բանկային համակարգին, Կենտրոնական բանկին՝ այս դժվար ժամանակներում վարած քաղաքականության համար: Ի վերջո, պատերազմից և կորոնավիրուսից հետո դիմակայության մեծ ռեսուրս էր պետք ունենալ, լուրջ պրոֆեսիոնալիզմ, որպեսզի հնարավոր լիներ պահել այն կայուն իրավիճակը, որն ունենք: Մանավանդ, հաշվի առնելով հաջորդ մարտահրավերը, որն արդեն եկավ կորոնավիրուսի համավարկից հետո, գլոբալ մարտահրավերը՝ գնաճը, մինչ այսօր շարունակում է ծավալվել աշխարհում: 

Ի տարբերություն այլ երկրների բանկային համակարգերի, մեր բանկային համակարգն, ըստ էության կրկնակի, եռակի հարվածների միջով անցավ: Կարևոր է արձանագրել, որ կառավարության համար էլ բանկային համակարգը ոչ միայն շատ կարևոր գործընկեր է, այլև ինդիկատոր, որովհետև ժամանակակից տնտեսությունները և առավել ևս բանկային համակարգը տրամադրությունների արտահայտող են, ու շատ դեպքերում կառավարության համար հենց սա է ուղենիշ հանդիսանում քաղաքականություններ մշակելու և ներդնելու համար: