Աշխատավարձը բարձրացել է, առաջին շարքը բաց է լինելու, զուգարանների հարցը լուծվելու է․ վարորդների բողոքի ակցիան ավարտվեց

Մանրամասներ

ա

Այսօր բողոքի ակցիա իրականացրած վարորդները, որոնք հրաժարվել էին երթուղի դուրս գալ, քիչ առաջ դադարեցրին բողոքի ակցիան: Ըստ նրանց՝ խնդիրներին լուծում է տրվել։

«Մեր պահանջներն են գազի հարցերը, աշխատավարձը, մարդկային պայմանները, վարորդին հարգելը։ Ասում են՝ 260 հազար դրամ աշխատավարձ, 14 օր որ ես աշխատեմ, դրանով ընտանիք չեմ կարող պահել։ Հիմա եթե բախտ է լինում, 22 օր աշխատում եմ և ստանում եմ 120 հազար դրամ, գումարած օրական էլ 7-8 հազար դրամ դնում եմ «ջեբս», գնում եմ տուն»,-ասաց վարորդներից մեկը։

Նա նշեց, որ իրենք նախևառաջ պահանջում են նորմալ աշխատավարձ։ «Հիմա մենք ցանկանում ենք 350 հազար դրամ, քանի որ մի կգ խոզի միսը 4 հազար դրամ է դարձել, իսկ վարորդը, որ փլավ ուտի, չի կարող քշել։ Ես նախկինում ընդհանուր 350 հազար դրամ եմ ստացել, այդքան գումար իմ բյուջե մտել է, էսօր 260 հազար դրամ է մտնելու։ Մենք սա չենք անում մեր գրպանների համար, մեր ազգի համար ենք անում»,-ասաց նա և նշեց, որ իրենք դեմ չեն կառավարությանը, վարչապետին, քաղաքապետին։

Վարորդները պահանջում էին նաև տարրական հիգիենայի պայմանների ապահովում, մասնավորապես՝ զուգարաններ համապատասխան վերջնակետերում։

Այսպիսով՝ քննարկումից հետո վարորդներից մեկը լրագրողներին հայտնեց, որ իրենց խնդիրները 99 տոկոսով լուծվել են։ «Աշխատավարձը բարձրացել է, առաջին շարքը բաց է լինելու, զուգարանների հարցը լուծվելու է»,–ասաց նա, սակայն չհրապարակեց, թե որքան է բարձրանալու աշխատավարձը։