Արաբական Միացյալ Էմիրությունների համար Իրանը մեծ ու հզոր երկիր է, որ իրար է կապում արևելքն ու արևմուտքը

Մանրամասներ

ա

Պարսից ծոցի երկրները՝ որպես էներգետիկ կենտրոններ, կարող են կարեւոր դեր խաղալ տարածաշրջանային եւ միջազգային տնտեսություններում, եւ դրանք կարող են միասին աշխատել՝ իրենց երկրներին զարգացում եւ բարգավաճում բերելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Թեհրանում Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Թահնուն բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Mehr-ը։

Շամխանին նաեւ ընդգծել է, որ կայունության ու անվտանգության հնարավոր է հասնել միայն տարածաշրջանի երկրների մշտական ​​երկխոսության եւ համագործակցության միջոցով։ Նա հույս է հայտնել, որ էմիրատցի գործընկերոջ այցն Իրան հող կհարթի Իրանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունների համակողմանի ընդլայնման համար եւ նոր էջ կդառնա երկու երկրների հարաբերություններում։

ԱՄԷ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն իր հերթին նշել է, որ Աբու Դաբիի եւ Թեհրանի միջեւ ջերմ եւ եղբայրական հարաբերությունների զարգացումն ԱՄԷ-ի առաջնահերթություններից է։

Նա նաեւ Իրանը բնութագրել է որպես տարածաշրջանում մեծ եւ հզոր երկիր՝ հայտարարելով, որ երկիրն աշխարհի արեւելքն ու արեւմուտքը կապող աշխարհաքաղաքական յուրահատուկ դիրք ունի։