Կյանքը իմաստավորելու համար մեզ միայն մեկ բան է հարկավոր

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Հավատը հուսացված բաների հաստատումն է և չերևացող բաների ապացույցը․ այսպես է սահմանում հավատը Պողոս առաքյալը:

Կյանքի ինչ-որ պահից սկսած մարդկանցից շատերին հետաքրքրում է՝ ո՞րն է կյանքի իմաստն ու ինչն է մարդուն մղում ապրելու։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մեր կյանքի նպատակը Աստծո հետ փոխհարաբերություններ զարգացնելն է։ Որքան մոտ ենք գտնվում Աստծուն, այնքան ավելի իմաստավորվում է կյանքը։ Ուստի, կյանքը իմաստավորելու համար մեզ միայն մեկ բան է հարկավոր՝ հավատով ապրել ու այդ հավատի մեջ որքան հնարավոր է անկեղծ ու մաքուր լինել։

Միայն այդպիսի հավատը կարող է փոխել անձի կյանքը, ապրելակերպը, մտածելակերպն ու շրջապատի հետ հարաբերությունները։ Ավելի պարզ ասած՝ հավատն այն ներքին ձայնն է, որը զայրույթի պահին կարող է ստիպել չվիճել, չհայհոյել, չհարվածել կամ չսպանել: 

Բազմաթիվ հարցեր, որոնք ծագում են մարդու մտքում, ունեն մեկ պարզ պատասխան՝ «հավատք»: Եվ ոչ միայն ինքը՝ բառն է պատասխանը, այլև դրա խորը իմաստը, էությունը և զորությունը։ Ճանապարհի ամեն մի հանգրվանում ճշմարիտ հավատացյալը փորձում է զգալ իր հավատի աճը. ինչի հասավ, ինչ չնկատեց, արդյոք ընկալեց բարի՞ն, կամ մերժեց չա՞րը: Իրականում, այդ ինքնաքննությունը շատ կարևոր է հավատից չշեղվելու համար: Երբ անհավատ մարդը կտրում է իր հույսը ամեն ինչից ու բոլորից, հավատացյալ մարդու համար միշտ կա Մեկը, Ում վրա նա կարող է հույս դնել: Ու երբ ամբողջ կյանքդ փորձում ես ապրել հենց այդ գիտակցումով, հետո հասկանում ես, թե որքան կատարյալ ու արդար է եղել քո անցած ճանապարհը։ Կապ չունի, թե քանի անգամ ես այդ ճանապարհին սայթաքել, գուցե անգամ հիասթափվել, նեղացել Աստծուց, միևնույնն է, հաջորդ պահին հասկացել ես, որ առանց Տիրոջ անիմաստ է ապրել ու ինչ-որ բանի համար պայքարել։ Ու միշտ հիշեք, որ հավատն առանց գործերի մեռած է, քանի որ այդպես հավատացողը ոչնչով չի տարբերվում դևերից, որովհետև դևերն էլ են հավատում և դողում (հմմտ. Հակ․ 2.19):

qahana.am