Իսրայելի պաշտպանության նախարարը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողության տարբերակը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Իսրայելը պետք է անի «ամեն ինչ, ինչ կարող է», որպեսզի թույլ չտա Իրանին միջուկային զենք ձեռք բերել, եթե ոչ, «կարող է գալ մի պահ, երբ Իսրայելն այլ ելք չունենա, քան գործելը», հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Բենի Գանցը։

Ինչպես գրում է The Jerusalem Post-ը, Գանցն այս մասին հայտարարել է նախքան ԱՄՆ իր այցը, որտեղ նա հանդիպելու է իր ամերիկացի գործընկերոջ և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Վիեննայում Իրանի միջուկային բանակցությունների ընթացքը:

«Մենք պետք է պատրաստվենք ցանկացած հնարավորության՝ Իսրայել պետությունը պաշտպանելու համար: Մենք զարգացնում ենք կարողությունները և պետք է շարունակենք ուժեղացնել դրանք», - ասել է Գանցը:

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Վաշինգտոնում ինքը պարզ կասի, որ Իսրայելը կպահպանի իրեն պաշտպանելու իրավունքը։

Ըստ Գանցի՝ Վիեննայում «լավ» գործարքի դեպքում Իրանը հեռու կմնա միջուկային ծրագրի ուսումնասիրությունից, զարգացումից և հարստացման նյութերի կուտակումից:

Բայց, նա ընդգծել է, որ եթե համաձայնություն ձեռք չբերվի, ապա պետք է այլընտրանքային տարբերակ լինի:

«Ռազմական տարբերակը միշտ պետք է սեղանի վրա լինի։ Դա, իհարկե, վերջին բանն է, որը մենք ցանկանում ենք օգտագործել, բայց մենք իրավունք չունենք չպատրաստել այդ տարբերակը մեզ համար»,- ասել է Գանցը՝ հավելելով, որ թեև ինքը կարծում է, որ «ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելին, եթե նա հարձակվի Իրանի վրա, Իսրայել պետությունը պարտավոր չէ որևէ մեկի հետ համաձայնեցնել իր պաշտպանությունը»: