Կապանից դեպի 6 գյուղեր տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․

Ադրբեջանական զինված ծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել նաև Կապան-Ճակատեն այլընտրաքային ճանապարհը. բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է:

Կապանից դեպի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից, հետևաբար՝ բացի դժվարանցանելիությունից ու դրա հետևանքով հումանիտար խնդիրներից, բնակիչների իրավունքների ոտնահարումներից մարդկանց կյանքի իրավունքի և անվտանգության երաշխավորման խնդիրը մնալու է չլուծված։

Ուստի, անհրաժեշտ է վերացնել խախտման աղբյուրը՝ խնդիրների իրական պատճառը:

Երեկ և այսօր ուսումնասիրել ենք այս պահին շահագործվող այլընտրանքային ճանապարհի դիտարկվող հատվածները (կից լուսանկարներում դիտարկվող ոչ բոլոր մասերն են)։ Ուսումնասիրություններ ենք արել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի (Gevorg Parsyan) և նրա անձնակազմի հետ:

Գյուղերում բնակիչները նաև վկայեցին, որ երբ 90-ական թվականներին այդ այլընտրանքային ճանապարհը ստիպված են եղել շահագործել, ադրբեջանական զինված ծառայողների դիտարկելու պատճառով՝ եղել են նրանց կողմից քաղաքացիական տներ ու մարդկանց հրազենով, այդ թվում՝ դիպուկահար կրակոցներով, թիրախավորելու դեպքեր։