Փաշինյանը մոտ 10 տարի կիշխանավարի, մինչև իրեն պահող «նախկինները» իրենց բոլոր ռեսուրսները չմսխեն, ասպարեզից դուրս չգան. Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյան․ Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ֆեյսբուքյան ընկերներիցս մի քանիսը կիսվել են վերջերս ԱԺ-ում՝ ինչ-որ լսումների շրջանակում տեղի ունեցած, Հոխիկյան-Սաղաթելյան բանավեճի փոքր դրվագով, որտեղ «դիմադրող» Սաղաթելյանը նախատում է «ազատագրող» Հոխիկյանին այն բանի համար, որ վերջինս խնդրում է «նախկիններին» մարդկային ռեսուրս տրամադրել իրենց ակցիաների համար, բայց զերծ մնալ առաջնորդների մակարդակով մասնակցելուց: Սաղաթելյանն էլ ասում ա՝ «ո՞նց հասկանանք, դուք մեր շարքերն եք ուզում, բայց ոչ ղեկավարներին, որովհետև նրանք «նախկի՞ն» են»:

Ու ընկերներս կիսվում են, տարածում են, ասում են՝ այո, ճիշտ է ասել Սաղաթելյանը: Ու մեկը հարց չտվեց՝ բայց ի՞նչն ա է ճիշտ: Ախր էդ «շարքեր» կոչեցյալը ձևավորվել է մի քանի տասնամյակի ընթացքում այն բանի շնորհիվ, որ թե՛ Դաշնակցությունը, թե՛ մնացած «նախկինները» եղել են իշխանության գլխին: Կոնկրետ Դաշնակցությունը եղել է իշխանություն մինչև բոլորովին վերջերս: Այդ իշխանավարման ընթացքում հիշյալ կառույցներն ու անհատները բիզնեսներ են կազմակերպել, շենքեր ու շինություններ են ձեռք բերել, մեդիա հարթակներ են ստեղծել, նյութական և ոչ նյութական ենթակառուցվածքներ են զարգացրել: Արել են այն ամենը, ինչ օրինակ` Ադեկվադն անում է հիմա, բայց ի տարբերություն իրենց` իշխանական լծակներ չունենալով: Սա բնական է:

Էնպես ստացվեց, որ մարդիկ, ովքեր այս ռեսուրսներին տիրապետում էին, ճակատագրական պահերին սարսափելի սխալներ գործեցին կամ լավագույն դեպքում՝ պարզապես թերացան: Օրինակ` պատերազմի օրհասական պահին, փոխարենը Արցախի անկախության ճանաչումը պահանջեին, նրանք ինչոր անիմաստ կոմիտե ստեղծել էին պահանջում: Յանիմ բան ունեք գեներալներին հուշելու, հուշեիք էլի, բոլորը ձեր բուկլետ բաժանողներն էին պարզվեց: Ի՞նչ մի կոմիտե-մոմիտե...

Էս մարդիկ պատերազմից հետո տասնյակ հազարավոր մարդկանց ցասումը հաջողացրեցին մսխել (եկեք հանուն դիսկուրսի ենթադրենք, որ դա արվել է ոչ միտումնավոր, այլ զուտ՝ ապիկարության շնորհիվ): Երկիրը տարել են աղետալի ընտրությունների, դրանով լեգիտիմացրել են դավաճանների իշխանությունը (ստեղ հանուն արդարության նաև պիտի նշեմ, որ նույն բանն են արել նաև Հոխիկյանի բոլոր պայքարակիցները): Ընտրություններից հետո հիշյալ «նախկիններն» ամեն ինչ արեցին, որ Ազգային Ժողովը լինի լեգիտիմ, առաջադրելով հենց Սաղաթելյանին իր անպիտան պաշտոնին, որի միակ իմաստը Սիմոնյան Ալենին ԱԺ նախագահ դարձնելն էր: Հիմա էլ, էդ մանդատները գրկած, միայն վնաս են տալիս պետությանը` խիստ կարևոր հարցեր չբարձրացնելով, դրա փոխարեն՝ անիմաստ գզվրտոց բեմադրելով: Հերիք չի իրենք բան չեն անում, հլը ուրիշներին էլ խանգարում են: Ում կարողանում՝ լռեցնում են, ում չեն կարողանում՝ բլոկում են ֆեյսբուքյան գրոհներով: Կողքից էլ վարձու ոչխարների հոտ են պահում, որ էդ ամեն ինչին ծափ տան:

Հիմա իմ մոտ հարց ա առաջանում. բա էսքանից հետո ինչի՞ պիտի այդ ուժերի առաջնորդները ներկայությունը ինչ-որ տեղ ողջունելի լինեն: Ի՞նչ երեսով էլի: Պիտի գան, փորձեն փիառվեն, ժողովրդին էլի գրգռեն ու հիշացնեն, թե ինչ անպիտան են իրենք եղել առնվազն վերջին մեկ տարվա ընթացքո՞ւմ: Բռնել, 20 տարի կուտակած ռեսուրսը գրկել են, ասում են` եթե մեզ չխաղացնեք, «գնդակը» չենք տա: Ընդ որում, իրանց թոփալ հալով՝ հենց իմեննո հարձակվող են ուզում խաղան, որ գոլը իրանք խփեն: Տո դուք էլ, ձեր «գնդակն» էլ, ձեր խփած գոլերն էլ...

Լավ, սաղ հեչ, մեկը լիներ ասեր` այ Իշխան ջա՛ն, եթե ձեր առաջնորդները տենց զիլ տպեր են, խի՞ եք ամեն տեղ ձեր անունները քողարկում տարատեսակ դաշինքների տակ, խի՞ չեք հենց դուք ձեր առաջնորդներով հպարտանում: Էսքանից հետո ոչ թե էդ ռեսուրսները գրկած պիտի ԱԺ-ում մեծ-մեծ ելույթներ ունենաք, այլ մոտակա կամուրջից գցվեք:

Մի նախկին էլ կար՝ տենց պինդ գրկել էր իրա «գնդակը»: Աստիճանաբար սաղ մսխեց, «գնդակը» թսկցրեց, հիմա էլ տարին մեկ հարցազրույց ա տալիս, որ ասի՝ տեսա՞ք, որ ես ճիշտ էի... Թե ու՞մ ա պետք տենց ճիշտ լինելը... Բայց դե գոնե ինքն իրան մեյդան չի գցում, փրկություն, դիմադրություն չի խոստանում վերջին բառիգի պես: Եկավ, առաջարկեց իրար հետ թիմ կազմել, մերժեցիք, գնաց: Ու ստեղ նույնպես հենց ինքն է ճիշտ դուրս գալու:

Էս ամենը նշանակում է, որ Փաշինյանը մոտ 10 տարի կիշխանավարի, մինչև իրեն պահող «նախկինները» իրենց բոլոր ռեսուրսները չմսխեն, ասպարեզից դուրս չգան: Ու նենց չի, որ սա անխուսափելի է: Եթե դուք` այս ամենին լուռ հետևողներդ, դուրս գաք կոմֆորտի ու կոնֆորմի դաշտից ու պարզապես ճիշտ հարցեր հնչեցնեք, այս փակ ցիկլը կքանդվի:

Հարցրեք «ընդդիմադիր» կոչեցյալներին` ինչու՞ իրենք չեն ցանկանում Փաշինյանից իմանալ, թե ո՞վ, ե՞րբ ու ինչու՞ էր զորքի լրահամալրումը դադարեցրել:

Հ.Գ. ռազմավարական դաշնակցի թեթև ձեռքով ընդդիմության մենաշնորհի դրոշակը դարձավ Մատանիների Տիրակալի մեջի մատանին: «Ընդդիմությունն» էլ վերածվեց Գոլլումի: Իմիջիայլոց, ու՞մ եք նմանացնում սրան:

Արթուր Դանիելյան