Կդառնամ վարչապետ, կասեմ քայլերը. Այս ծանր ժամանակ ես առաջարկում եմ ինձ. Հրանտ Բագրատյան

Մանրամասներ

ա

Ոչ մի ապաշրջափակում չի լինելու, թուրքերը բացելու են կոմունիկացիաներն ու փակեն և դա անելու են անընդհատ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ապաշրջափակման տնտեսական օգուտներին։ 

«Թուրքերն ուզում են այս պետությունը խեղդել»,– ասաց նա։

Հրանտ Բագրատյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը առանց երկար-բարակ մտածելու Գորիսից Կապան ճանապարհները տվել է, առանց ասելու՝ դե դու էլ մինչեւ Նոյեմբերյան սահմանը ստորագրությամբ ճանաչի. «Սա «լոխ»-ի տրամաբանություն է: Եթե ես հիմա մի բան տալիս եմ, ինչու չեմ ասում՝ դե դու էլ ստորագրի այն, ինչն ինձ է մնում: Սա ոչ պրոֆեսիոնալիզմ է: ՀՀ նախագահի և Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործունեության պատճառով հայտնվել ենք կեղտի մեջ»,– ասաց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

«Այս ծանր ժամանակ ես առաջարկում եմ ինձ։ Մենք խնդիր ունենք երկիրը փրկելու, չզարմանաք, որ վաղը մեկ էլ տեսար БТР-ներով ադրբեջանցիք մտան Երևան։ Տարածքներին հաջորդելու է փախստականների վերադարձի հարցը։ Հիմա ես ասում եմ, ասելու են՝ հուշում է, իբր Ադրբեջանը Թուրքիայի հետ խելք չունեն, սպասում են Բագրատյանը իրենց սովորեցնի»,–ասաց նա:

Հարցին, թե ինքն ինչ է առաջարկում, Բագրատյանը պատասխանեց. «Քեզ ի՞նչ, կդառնամ վարչապետ, կասեմ քայլերը: Քայլերը կան, ես այսօր թույլ չէի տա, որ սահմանին թեկուզ մեկ մետր մտնեին մեր հողը: Տար միջուկային թափոնները թափի դեմները ու ասա՝ կորի գնա էստեղից: Էրդողանն ասում է՝ հեսա ատոմային զենք կունենանմ, կտեսնեք, ինչ է լինելու, իսկ դու ուզում ես «տիկինավարի» դրա դեմ պայքարե՞ս»:

Նախկին պարչապետը նշեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը միջուկային զենքի մասին է խոսում, թող իմանա, որ Հայաստանն ունի միջուկային թափոններ. «Մենք մտել ենք պերմանենտ պատերազմի մեջ, որը գուցե տևի տասնամյակ, քսանամյակ, մենք ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի հետ չենք ունենալու վերջնական խաղաղություն առաջիկա 5-10 տարում »,–ասաց նա։