Դու՞ք եք ձգտում կառավարել երկիրը. Մի կողմ քաշվեք. Թուրքիայում ճգնաժամը սրել է իշխանություն-ընդդիմություն բանավեճը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկումն ամերիկյան դոլարի նկատմամբ Թուրքիայի ներքաղաքական կյանքում լարվածության մեծացման պատճառ է դարձել։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Ֆինանսատնտեսական խորացող ճգնաժամի պայմաններում ընդդիմությունն սկսել է ավելի ակտիվ քննադատել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմին տնտեսական սխալ քաղաքականություն վարելու համար։ Ընդդիմությունը միաժամանակ սկսել է նորից հանդես գալ արտահերթ ընտրություններ անելու կոչերով։ Իշխանությունը, իր հերթին, պատասխանելով ընդդիմությանը, շարունակում է հայտարարել, որ արտահերթ չի լինելու և ընտրություններն անցկացվելու են 2023 թվականի հունիսին։

Ներքաղաքական լարվածության այս պայմաններում թուրքական մամուլում աղմուկ է բարձրացրել Twitter-ում Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի կատարած գրառումը, որտեղ նա պատվազուրկ կամ, որ նույնն է, անբարոյական է որակել ընդդիմությանը։

«Ընդդիմությու՛ն, բոլորդ գնացե՛ք գրողի ծոցը․․․ Դուք ոչ թե կառավարության, այլ երկրի դեմ եք գնում, ամո՛թ ձեզ։ Դու՞ք եք ձգտում կառավարել երկիրը։ Մի կողմ քաշվե՛ք, պատվազուրկնե՛ր»,-նշել է Թայիփ Էրդողանի խորհրդականը։