10 մլն դոլար` ժամանակակից արվեստի ինստալյացիայի ստեղծման համար

Քանյե Ուեսթը իր կողմից «դարակազմիկ» որակված նախագծին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել

Ամերիկյան հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Ջեյմս Թուրելի արտ նախագծին, որն ավելի վաղ «դարակազմիկ» էր որակել:
Ինչպես նշում է The Guardian-ը, ռեփերը 10 մլն դոլար է հատկացրել Արիզոնա նահանգում ստեղծվելիք արտ ինստալյացիային:
Ինստալյացիան կոչվում է Roden Crater: Այն բաղկացած կլինի վեց թունելով կապված 21 դիտահարթակից, որտեղից մարդկային անզեն աչքի համար պարզ տեսանելի կլինեն լույսի հետ կապված մի շարք դիտարժան բնական երևույթներ, օրինակ՝ ամառային և ձմեռային արևադարձերը:
Իր լուսային ինստալյացիաներով հայտնի Թուրելը տվյալ նախագծի վրա աշխատում է 1977թ., երբ գնել է քնած հրաբխի այն տարածքը, որտեղ կառուցվում են դիտահարթակները:
Հայտնի է, որ նախագծի իրագործման համար հարկավոր է 200 մլն դոլար:
Ուեսթը, որը դեկտեմբերին այցելել էր տեղանք, Twitter-ում գրել էր. «Դա դարակազմիկ բան է: Մենք բոլորս էլ ապրում ենք Թուրելի տիեզերքում»: