Միջազգային սահմաններն անփոփոխելի են. Իրանի ԱԳ նախարարն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետին

Մանրամասներ

ա

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հայտնել է երկրի պատրաստակամությունը՝ մասնակցելու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այն տարածքների վերականգնման գործընթացին, որոնք Բաքվին են անցել Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին պատերազմից հետո, հայտնում է Tasnim գործակալությունը:

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը կիրակի հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ, տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևի հետ, որը մեկօրյա այցով մեկնել էր Թեհրան։

Երկու պաշտոնյաները քննարկել են կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները և Թեհրանի և Բաքվի երկկողմ համագործակցությունը։

Արտգործնախարարը վերահաստատել է երկրների տարածքային ամբողջականությանն աջակցելու Իրանի մշտական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ միջազգային սահմաններն անփոփոխելի են։

Ադրբեջանի փոխվարչապետն, իր հերթին, գոհունակություն է հայտնել Իրանի նավթի, ինչպես նաև ճանապարհների և քաղաքաշինության նախարարների հետ իր կառուցողական հանդիպումներից՝ ասելով, որ երկու երկրները մոտ են նավթի, գազի  ոլորտներում պատմական համաձայնագրերի ստորագրմանը։