«Թալիբանը» պետք է լեգիտիմության արժանանա. Պետքարտուղարություն

Մանրամասներ

ա

«Թալիբանը» պետք է արժանանա միջազգային հանրության լեգիտիմությանն ու աջակցությանը՝ ահաբեկչության դեմ պայքարելու եւ Աֆղանստանում ներառական կառավարություն ստեղծելու միջոցով, ուրբաթ ասել է Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Ուեսթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն։

«Մենք կշարունակենք «Թալիբանի» հետ բաց դիվանագիտությունը: Լեգիտիմությունն ու աջակցությունը պետք է ձեռք բերվեն հակաահաբեկչական գործողությունների, ներառական կառավարության եւ փոքրամասնությունների, կանանց ու աղջիկների իրավունքների հարգման միջոցով, ինչը ներառում է կրթության եւ զբաղվածության հավասար հասանելիություն», - Twitter-ի իր էջում գրել է Ուեսթը։

Նրա խոսքով՝ երկար ժամանակ ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները թալիբներին հասկացրել են, որ եթե նրանք ձգտում են ռազմական հեղաշրջման, այլ ոչ թե այլ աֆղանստանցիների հետ բանակցությունների միջոցով ճգնաժամի կարգավորման, ապա «միջազգային հանրության կողմից տրամադրվող կարեւոր ոչ մարդասիրական օգնությունը, նախատեսված տնտեսության համար, որը չափազանց կախված է այդ օգնությունից, գրեթե կդադարի»: «Սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ», - ընդգծել է Ուեսթը:

Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրին իրենց հարձակումները Աֆղանստանի կառավարական զորքերի դեմ, օգոստոսի 15-ին մտան Քաբուլ եւ հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է։ Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ զինվորականների պաշտպանության ներքո, տեղի ունեցավ Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցած աֆղանստանցիների զանգվածային տարհանում։ Օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ տալով Աֆղանստանում ԱՄՆ-ի գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը։ Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը՝ Մոհամմադ Հասան Ախունդի գլխավորությամբ, ով «Թալիբանի» առաջին իշխանության տարիներին զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը եւ 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ։