«3+3» ձևաչափը մերժելուց հետո Թբիլիսին Բաքվին և Երևանին բանակցությունների իր տարբերակն է առաջարկել

Մանրամասներ

ա

Թբիլիսին հանդես է գալիս երկրների՝ «եռյակի» շրջանակում բանակցությունների ձևաչափ ստեղծելու նախաձեռնությամբ, որում Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը կբանակցեն Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին ուրբաթ խորհրդարանում ասել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։

«Մեր այլընտրանքն այն նախաձեռնություններն են, որոնք մենք առաջարկում ենք, այդ թվում՝ եռյակի ձևաչափը՝ Հարավային Կովկասի երեք երկրները: Դրան կմասնակցեն Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը: Թբիլիսին պետք է հարթակ դառնա հարավկովկասյան երեք երկրների միջև երկխոսության համար»,- ասել է Զալկալիանին։

Նրա խոսքով, Թբիլիսին հավակնություններ ունի առաջարկելու հարևան երկրներին մասնակցել տնտեսական նախագծերին, որոնք կնպաստեն տարածաշրջանում լարվածության թուլացմանը և երկարաժամկետ հեռանկարում խաղաղության հաստատմանը:

Փոխվարչապետը հիշեցրել է Սևծովյան տարածաշրջանում կայունության ապահովման «Խաղաղ հարևանության նախաձեռնությունը», որը հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում։ Նրա կարծիքով, դա կհանգստացնի իրավիճակը նաև Հարավային Կովկասում։

Զալկալիանին ուրբաթ ասել է, որ Վրաստանը չի նախատեսում մասնակցել «3+3» բանակցային ձևաչափին (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան)՝ Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի բացման խնդրի շուրջ։

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների մասնակցությամբ այսպես կոչված՝ «վեցի հարթակ» կամ «3+3» ձևաչափի (Հայաստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Ռուսաստան-Իրան) ստեղծման նախաձեռնությամբ հանդես էին եղել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Ռուսաստանն ու Իրանը հավանության էին արժանացրել այն: