Իջևանում ռազմաբժշկին դատում են չունևոր քաղաքացիներին անվճար վիրահատելու համար

Մանրամասներ

1

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում վերսկսվել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանի դատավարությունը:

Գրիգորյանը մեղադրվում է, թե դեռևս 2009 – 2019 թվականներին ՀՀ ՊՆ զորամասում /Բերդի առանձին բժշկական ջոկատ/ որպես զորամասի հրամանատար (բուժծառայության փոխգնդապետ) աշխատելու ժամանակ խախտել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 1-ին կետի պահանջները, և առանց հաստատված գնացուցակի՝ Տավուշի մարզի մի շարք բնակիչների անվճար վիրահատական բուժօգնություն է ցուցաբերել:

Ըստ մեղադրանքի՝ Գրիգորյանը առանց 200.000 ՀՀ դրամ գումար գանձելու, վիրահատել է Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակչին, ինչպես նաև անվճար վիրահատել է նաև Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակչին, Նավուր գյուղի բնակչին և Վազաշեն գյուղի բնակչին, ինչի արդյունքում բժիշկը զինհոսպիտալին պատճառել է ընդհանուր 670.000 ՀՀ դրամ գումարի վնաս:

2019 թվականին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Էդուարդ Գրիգորյանը դատարանում հայտարարել է, որ իրեն մեղսագրված արարքը կատարել է այն պատճառով, որ հիվանդները վճարունակ չեն եղել, և որ իր անձնական միջոցների հաշվին վերականգնել է պետությանը պատճառած վնասը` 670.000 ՀՀ դրամը:

Գործով դատավոր Մելքոնյանը 2019 թվականին որոշում է կայացրել կարճել քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը դադարեցնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գրիգորյանը հանցագործությունը կատարել է կարեկցանքից դրդված, ու չնայած վիրահատված անձանցից ՀՀ կառավարության որոշմամբ նշված գումարների գանձում չի կատարել, սակայն վերականգնել է Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար, Մովսես, Նավուր և Վազաշեն գյուղերի համապատասխան բնակիչների առողջությունը:

Սակայն դատարանի որոշումը Լոռու կայազորի զինվորական դատախազի տեղակալ Արտակ Ավետիսյանը բողոքարկել է և 2020թ․ փետրվարի 21-ին վերաքննիչ դատարանը որոշել է մասնակի բավարարել բողոքը և Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Նշենք, որ Էդուարդ Գրիգորյանը Իջևանի ԲԿ տնօրեն է նշանակվել 2019թ. դեկտեմբերի 27-ին:

Առավոտ․am