Պետր Չեխը ավարտում է կարիերան

Դարպասապահը կխաղա մինչև մրցաշրջանի ավարտ

Լոնդոնի «Արսենալի» չեխ դարպասապահ Պետր Չեխը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում կավարտի կարիերան: Այդ մասին 36-ամյա դարպասապահը հայտնել է թվիթերյան էջում:

Սա Պետր Չեխի կարիերայի 20-րդ մրցաշրջանն է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարգավիճակում: Նա 2015-ից է հանդես գալիս «Արսենալում», իսկ դրանից առաջ 11 տարի խաղում էր «Չելսիում»: Դարպասապահը հանդես է եկել նաեւ չեխական «Հմելում», Պրահայի «Սպարտայում» եւ ֆրանսիական «Ռենում»:

Պետր Չեխը Անգլիայի քառակի չեմպիոն է, 5 անգամ դարձել է Անգլիայի գավաթակիր, 3 անգամ հաղթել Անգլիական լիգայի գավաթում եւ մեկական տիտղոս նվաճել Չեմպիոնների լիգայում ու Եվրոպայի լիգայում:

Չեխիայի ազգային հավաքականի կազմում դարպասապահը 2002-2016-ն անցկացրել է 124 հանդիպում, իսկ 2004-ին դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Նա ազգային թիմում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է: