Ֆրանսիան խոշորամասշտաբ ռազմածովային զորավարժություններ է սկսում

Մանրամասներ

1

Ֆրանսիան նոյեմբերի 18-ին սկսում է POLARIS 21 խոշորամասշտաբ ռազմածովային զորավարժությունները, որոնք անցկացվելու են Միջերկրական ծովի արեւմտյան մասում եւ երկրի ատլանտյան ափին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են նրա ռազմածովային ուժերը: Ըստ առկա տվյալների, զորավարժություններին, որոնք տեւելու են մինչեւ դեկտեմբերի 3-ը, կգործարկվի ֆրանսիական ռազմածովային նավատորմի բոլոր նավերի գործնականում կեսը, այդ թվում՝ ավիակրային հարվածային խումբը՝ Charles de Gaulle («Շառլ դե Գոլ») ատոմային ավիակրի գլխավորությամբ, Mistral («Միստրալ») դասի Tonnerre («Տոններ») մեծ դեսանտային նավը, հրթիռային ֆրեգատներ եւ ատոմային սուզանավեր:

Վարժանքներին կմասնակցեն նաեւ ռազմաօդային ուժերի եւ բանակային զորամասեր ու ստորաբաժանումներ: Զորքերի ընդհանուր թվաքանակը կկազմի 6,5 հազար զինծառայող, այդ թվում՝ 4 հազար նավաստի, ասվում է հաղորդագրության մեջ: Բացի այդ, ենթադրվում է, որ POLARIS 21 զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ի, Իսպանիայի, Հունաստանի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի մարտանավերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: