Եթե Ռուսաստանը տեսնում է, որ հարձակում կա ՀՀ տարածքի վրա, բայց ասում է, թե բա պարտադիր գրավոր դիմում պիտի լինի, որ օգնեմ, ապա դա նշանակում է մի բան՝ ես չեմ ուզում օգնել

Մանրամասներ

1

«Հրապարակ» թերթը գրում է.

Մենք զրուցել ենք իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի դոցենտ Գոռ Հովհաննիսյանի հետ:

21-րդ դարում աշխարհը հենց այնպես կարո՞ ղ է նայել, թե ինչպես է որեւէ երկրի տարածքն անեքսիայի ենթարկվում։ Ի վերջո, մեզ 30 տարի ասել են, որ 7 շրջաններն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն են, բլա-բլա, դրան փորձել ենք հակադրել ինքնորոշման իրավունքը։ Հիմա լռում են նույն տարածքային ամբողջականությունը խախտվելու պարագայում։

Այո, կարող է, ու դա հեչ զարմանալի չէ։ Այդ հայերն են, որ իրենց հորինած անիրական աշխարհում են ապրում՝ սին հույսեր փայփայելով։ Իրականությունը բոլորովին այլ է, քան հայերը պատկերացնում են։ Իսկ որ ասում եք՝ շրջաններ, վերադարձ, իրենց այդ ժամանակ այդպես է ձեռնտու եղել՝ այդպես են ասել։ Միջազգային իրավունքն ընդամենը մտրակ է ուժեղ պետությունների ձեռքին` թույլերին կառավարելու համար։ Եվ միջազգային իրավունքը հիշվում է, երբ դա պետք է թույլին մի բան պարտադրելու համար։ Որքան էլ որ դա ցավալի ու չգոհացնող է, բայց դե հիմա դա է իրականությունը։ Դրա համար պիտի ճիշտ ընկալել իրականությունը, սին հույսեր չփայփայել ու հետո անակնկալի չգալ։

ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ ագրեսիայի հարցով կդիմեն ՌԴ, եթե դաշնակիցը հրաժարվի օգնել, ապա՝ ՄԱԿ, ԵԱՀԿ։ Կասե՞ք, թե այդ կազմակերպություններին՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ՌԴ, որպես 1997-ին կնքված պայմանագրի կողմ, դիմելու ի՞նչ կառուցակարգեր կան։

Ես այդ ոլորտի մասնագետ չեմ, բայց մի բան կարող եմ ասել․ եթե մենք մի բան չենք ուզում անել, ապա հազար պատրվակ կարող ենք գտնել։ Իսկ եթե մի բան ուզում ենք անել, միջոց հաստատ կգտնենք։

Ըստ Ձեզ, ինչպե՞ս կարող է պատահել, որ ՀՀ ԱԽՔ-ն հայտարարի, որ դիմել են ՌԴ-ին, այնտեղից ասեն՝ չեն դիմել։ Ռազմավարական դաշնակից երկրների միջեւ նման անհեթեթություններ կարոՇղ են լինել, բայց, ի վերջո, մի կողմի սուտ դուրս գալը ժամանակի խնդիր է։

Եթե Ռուսաստանը տեսնում է, որ հարձակում կա ՀՀ տարածքի վրա, բայց ասում է, թե բա պարտադիր գրավոր դիմում պիտի լինի, որ օգնեմ, ապա դա ինձ համար նշանակում է մի բան՝ ես չեմ ուզում օգնել։ Ամեն պետություն ցանկացած պահի անում է այն, ինչ իրեն այդ պահին ձեռնտու է։ Ու միջազգային իրավունքը ոչ մի դեր չի խաղում, որովհետեւ դիմումը ձեւական հարց է, ագրեսիան փաստի հարց է։ Եթե կա ագրեսիա, ապա օգնելու ցանկության դեպքում օգնողն օգնում է։ Իսկ եթե օգնելու ցանկություն չկա, պետք է մի բան հորինել, չէ՞։ Հիմա որ գրավոր դիմում ուղարկեն, կասեն՝ բա էստեղ պիտի ստորակետ լիներ, չեք դրել այդ ստորակետը, չենք կարող օգնել։ Իսկ եթե օգնելու ցանկություն լիներ, կօգնեին, ու ոչ ոք չէր էլ իմանա՝ գրավոր դիմում եղե՞լ է, թե՞ չի եղել․ երբ ուզեին, այդ ձեւական դիմումը կպատրաստեին, նաեւ` ավելի ուշ, ու հարցը կփակվեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում