Նոր ԱԺ-ն կունենա 11 հանձնաժողով

Երկու նոր հանձնաժողովներն են Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովը եւ Տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովը

Նոր Ազգային ժողովն, ի տարբերություն նախորդի, կունենա ոչ թե 9, այլ 11 մշտական հանձնաժողով: Այս մասին, այսօր ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որը ներկայացրեց դրա վերաբերյալ որոշման նախագիծը:

Ըստ այդմ, երկու նոր հանձնաժողովներն են Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովը եւ Տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովը: 

ԱԺ-ն կունենա հետեւյալ հանձնաժողովները.

-Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ)

-Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով (14 անդամ)

-Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ)

-Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ)

- Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ)

-Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ)

-Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ)

-Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ)

-Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ)

-Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ)

-Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ):

«Անդամների թիվը պայմանավորված է նրանով, թե ենթադրաբար որքան ծանրաբեռնված են լինելու հանձնաժողովները»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը

Նա նշեց, որ այս որոշման նախագծով առաջարկվում է, որ Գլխավոր դատախազի, ԿԸՀ նախագահի եւ անդամների պաշտոններում ընտրություններում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվելու է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին: Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ անդամների, ԿԲ նախագահի, նրա տեղակալների եւ ԿԲ խորհրդի մյուս անդամների թեկնածությունները ԱԺ-ում ներկայացնելու իրավասությունը վերապահվում է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին, իսկ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության համար թեկնածությունների առաջադրման իրավասությունը վերապահվում է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին: