«Այդ մաքսակետերը դնելու ենք Ադրբեջանի քաղաքացիների կողմից ճանապարհի հնարավոր օգտագործման համար». ԱԽ քարտուղար

Մանրամասներ

ա

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց հարցին՝ եթե բանակցել են թշնամու հետ, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածը տալու են թշնամուն, ինչո՞ւ հանրությանը տեղյակ չեն պահել։

Արմեն Գրիգորյանը «նկատողություն» արեց լրագրողին՝ նշելով՝ եթե ուշադիր հետևեին իշխանությունների հայտարարություններին նոյեմբերի 9-ից սկսած, ապա այսօր նման հարց չէր առաջանա։

«Եթե հիշում եք՝ ՀՀ քաղաքացիներն այդ ճանապարհն օգտագործում էին, օրինակ, Գորիսից Ղափան գնալու համար, և այդ ճանապարհի օգտագործումն Ադրբեջանի կողմից շահարկվում էր, որ իրենք էլ ցանկանում են ճանապարհ ստանան նույն տրամաբանության շրջանակներում դեպի Նախիջևան, որը նաև «միջանցքի» տրամաբանություն ունի։ Մեզ համար սա անընդունելի է եղել, և մենք, բնականաբար, առաջնահերթություն ենք համարել չունենալ «միջանցքային» տրամաբանության մեջ որևէ գործարք»,- նշեց Արմեն Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է իր այն հայտարարությանը, որ հայկական կողմն էլ մաքսակետեր կտեղադրի, Արմեն Գրիգորյանը նկատեց՝ այդ ամենն ընդհանուր տրամաբանությունն է և քաղաքականությունը, որն Ադրբեջանը վարում է՝ մաքսակետեր տեղադրելով և գանձումներ կատարելով։ Հետևաբար՝ այդ ճանապարհներն Ադրբեջանի քաղաքացիների կողմից օգտագործելու դեպքում հայկական կողմն էլ համապատասխան քաղաքականություն կիրականացնի։

«Այդ մաքսակետերը դնելու ենք Ադրբեջանի քաղաքացիների կողմից ճանապարհի հնարավոր օգտագործման համար։ Այդ 21 կմ ճանապարհի որոշակի մասը ՀՀ տարածքով է անցնելու, և հնարավոր է, որ Ադրբեջանի քաղաքացիներն անցնեն այդ տարածքով, և Հայաստանն էլ համապատասխան քաղաքականություն կիրականացնի»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է փորձագետների հայտարարություններին, որ բազմաթիվ համայնքներ այդպիսով հայտնվելու են ադրբեջանական շրջափակման մեջ, Արմեն Գրիգորյանը նշեց, որ որևէ համայնք շրջափակման մեջ չի հայտնվելու։

«Իհարկե, ճանապարհների որակը շատ բարձր մակարդակի չէ, բայց վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են կատարվել, գոնե գրունտային մակարդակում բարեկարգելու համար։ Այդ աշխատանքները շարունակվում են, համոզված ենք, որ շատ շուտով կունենանք նաև ասֆալտապատ ճանապարհ։ Այդ համայնքներում որևէ կոմունիկացիոն խնդիր չի առաջանալու»,- ընդգծեց նա։

Ի դեպ, այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց, որ հրաշալի ասֆալտապատում են իրականացնում Սյունիքում, և քաղաքացիները, օրինակ, Որոտանի հատվածով անցնելու փոխարեն՝ կարող են անցնել Տաթև-Աղվանի ճանապարհով, որն ասֆալտապատել են։