Հարյուրավոր հոնդուրասցիներից բաղկացած նոր «քարավանն» ուղևորվել է դեպի Միացյալ Նահանգներ

Նրանց ուղևորությունը կարող է շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ տևել

Հարյուրավոր հոնդուրասցի գաղթականներից բաղկացած նոր «քարավանը» ճանապարհ է ընկել դեպի ԱՄՆ-ի սահման, գրում է Reuters գործակալությունը:
Կենտրոնական Ամերիկայից եկող «քարավաններով» պայմանավորված միգրացիոն քաղաքականության փոփոխություններն ԱՄՆ-ում բանավեճի թեմա էին դարձել դեռ անցած տարվա աշնանը: ԱՄՆ նահագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է ապօրինի ներգաղթյալներին երկրի սահմաններից ներս չթողնելու մասին:
Առկա տվյալներով՝ «քարավանին» է միացել 600-800 մարդ, որոնց ուղևորությունը կարող է շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ տևել:
Հատկանշական է, որ նախորդ «քարավանի» շուրջ 2500 անդամ շարունակում է մնալ մեքսիկական սահմանամերձ Տիխուանա քաղաքում, մինչդեռ ավելի քան 7000-ը Հոնդուրաս է վերադարձել:
Գաղթականներից շատերը ճանապարհն անցնում են ընտանիքներով, որտեղ մանկահասակ երեխաներ կան: Նրանց մեծ մասի արտագաղթի պատճառն աղքատությունն ու բռնությունն են: Ոմանք Միացյալ Նահանգներում լավ աշխատանք գտնելու հույս ունեն: