Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է

Մանրամասներ

ա

Երուսաղեմի պատրիարքի շուրջ օղակը գնալով սեղմվում է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Երուսաղեմի վանքապատկան հողատարածքի 99 տարվա վարձակալությամբ թույլտվություն է տվել հրեա գործարարին, որն այնտեղ հյուրանոց է կառուցելու: Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանները, սակայն, այս գործարքից տեղյակ չեն եղել: Միաբանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ պատրիարքը հայտնվել է անելանելի վիճակում: Մեր աղբյուրները նշում են, որ հիմա պատրիարքը գործում է ընդդեմ Երուսաղեմի պատրիարքության:

Երուսաղեմի միաբան աթոռն ունի երեք եպիսկոպոս, որոնք արտերկրում են ապրում՝ Արգենտինայի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, Վատիկանի եպիսկոպոս Խաժակ Պարսամյանը և Վաշինգտոնի եպիսկոպոս Վիգեն Այքազյանը: Այս երեք եպիսկոպոսները, ինչպես նաև երեք ծայրագույն վարդապետներ՝ Բագրատ Պերճեկյանը, Գուսան Ալջանյանը և Բաբկեն Անուշյանը, դեմ են հանդես եկել այդ պայմանագրին:

Ավելին, նախօրեին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու արտասահմանյան թեմերում ծառայող Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամները հայտարարություն են տարածել, որտեղ մտահոգություն են հայտնել վերջին շրջանում Երուսաղեմում տեղի ունեցող դեպքի մասին՝ «Կովերի պարտեզ» տարածքը վարձակալությամբ տալու հետ կապված:

«Այս իմաստով վանքաբնակ մեր միաբանակից եղբայրները 2021 թվականի հոկտեմբեր 27-ին հրապարակել են «Հայտարարություն», ըստ որի՝ հակականոնական են համարել «Կովերի պարտեզի» համաձայնագիրը, քանի որ ստորագրված է առանց տնօրեն և միաբանական ժողովների քննարկման և վավերացման:

Հայտարարության մեջ մասանավորապես նշված է.

«Մեր կարգին մենք ևս միանում ենք նրանց կատարած հայտարարությանը՝ հայտնելով նաև մեր անհամաձայնությունը վերոհիշյալ տարածքի վրա «7 աստղանի» հյուրանոց կառուցելու համաձայնագրի առնչությամբ, որ ստորագրվել է՝ ինչպես նշված է «Հայտարարության» մեջ, 2021-ի հուլիսի 8-ին Երուսաղեմի Հայ Պատրիարք Տեր Նուրհան Արքեպս. Մանուկյանի, Սուրբ Աթոռի Լուսարարապետ Տեր Սևան Արքեպս. Ղարիբյանի և Կալվածքների Տեսուչ Տեր Պարետ Ծ. Վրդ. Երեցյանի կողմից: «Հայտարարությունը» հստակ կերպով ներկայացնում է կատարվածի հակականոնական լինելու պարագան, մէջբերելով «Կանոն Միաբանական Ուխտի» անտեսված հոդված 67-ը և ի մասնավորի հիշատակում է 2015-ին երիցս քվեարկությամբ հաստատված կանոնը, որ ավելի հասկանալի լինելու համար ներկայացնում ենք ամբողջ պարբերությունը.- «Ավելին՝ ըստ 2015 թվականի երիցս քվեարկությամբ հաստատված կանոնի «…մէկից մինչև քսանհինք տարի ժամանակաշրջան ընդգրկող համաձայնագրերը պիտի ստորագրվեն նվազագույնը երեք անձերի կողմից՝ Պատրիարք Սրբազան Հոր (Ս. Աթոռը թափուր լինելու պարագայում, Տեղապահի կամ Պատրիարքական Փոխանորդի), Լուսարարապետի, Տնօրեն ժողովի Ատենապետի և Կալվածքների Տեսուչի կողմից, իսկ քսանհինգից առավելագույնը քառասունինը տարիների՝ նվազագույնը երեք անձերի կողմից՝ Պատրիարք Սրբազան Հոր (Ս. Աթոռը թափուր լինելու պարագային, Տեղապահի կամ Պատրիարքական Փոխանորդի), Լուսարարապետի, Միաբանական Ժողովի Ատենապետի և Տնօրեն Ժողովի Ատենապետի կողմից: Սրանցից Պատրիարք Սրբազան Հոր (կամ Տեղապահի), Միաբանական Ընդհանուր Ժողովի Ատենապետի ստորագրությունները պարտավորիչ են»:

«Կովերի պարտեզ»-ի համաձայնագիրը Պատրիարք և Լուսարարապետ Սրբազան Հայրերից զատ ստորագրել է նաև Կալվածքների տեսուչը, որը հակառակ է վերը բերված կանոնին. Կալվածքների տեսուչը երբեք իրավունք չունի ստորագրելու 26-49 տարվա որևէ համաձայնագիր, առավել ևս 99 տարվա համաձայնագիր»:

Սոյն գրով միանում ենք մեր միաբանակից եղբայրներին ասելու համար, որ Կալվածքների Տեսուչ Տեր Պարետ Ծ. Վրդ. Երեցյանի կատարած հայտարարությունները Պատրիարքության ֆեյսբուքյան էջում, պնդելով որ թե՛ Տնօրեն Ժողովը և թե՛ Միաբանական Ընդհանուր Ժողովը տվել են իրենց համաձայնությունը և օրհնությունը, ճիշտ չեն:

Պահանջում ենք, որ նվազագույնը այս նյութի մասին կատարված ատենագրությունը տպվի և բաժանվի Միաբանության արտասահմանում ծառայող անդամներին: Ուստի մեր խնդրանքն ու հորդորը մեր Սրբազան Պատրիաքին՝ Նուրհան Սրբազանին, ինչպես նաև Լուսարարապետ՝ Սևան Սրբազանին և Կալվածքների Տեսուչին որ չեղյալ նկատեն իրենց ստորագրած համաձայնագիրը, նախ ի շահ Սրբոց Յակոբեանց մեր Միաբանության, ապա նաև ի շահ Հայ Եկեղեցու և Ժողովրդի: Վանքը, Միաբանությունն ու մեր հաստատություններն ե, որ պիտի ժառանգեն մեր ապագա սերունդները: Մնայունը մեր թողելիք ժառանգություներն են, լինեն դրանք նյութական կամ բարոյական: Եթե լավ գործեր կատարենք, մեզ բարի պիտի հիշեն իսկ եթե սխալ ու չար գործեր կատարենք, հավանաբար նույնիսկ չհիշեն և կամ անիծեն: Ուստի լինենք ու դառնանք այն անձերից, որոնք երանելի են և ունեն ու թողել են հիշատակ Սիոնի բարձունքում կամ Երուսաղեմի մեջ:

Գիսակ Արք. Մանուկյան

Գուսան Վրդ. Ալճանյան

Խաժակ Արք. Պարսամյան

Բագրատ Վրդ. Պուրճեքյան

Վիգէն Արք. Այքազյան

Բաբկեն Ծ. Վրդ. Անուշյան»:

Հիշեցնենք, որ երուսաղեմահայերը ավելի վաղ բողոքի ցույց էին կազմակերպել: Ի դեպ, Lragir.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ զարմանալի է Մայր Աթոռի լռությունը հարցի հետ կապված, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների: Թեև ԱԳ նախարարին, թե Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարին խնդիրը ներկայացվել է, սակայն որևէ արձագանք չկա:

ա

Սկզբնաղբյուր