«Բալասանյան» դաշինքի սև օրերը

Մանրամասներ

1

Եվ այսպես, Գյումրին ունի նոր քաղաքապետ։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու չառաջադրեց, իսկ խմբակցության ներկայացուցիչն ասաց, որ իրենք կողմ են քվեարկելու Վարդգես Սամսոնյանի թեկնածությանը:

Եվ դա բնական էր, որովհետև օրեր առաջ այս երկու ուժերը Գյումրին համատեղ կառավարելու կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։

Իսկ թե ինչ էր տեղի ունեցել մինչ հուշագրի ստորագրումը, խոսակցության առանձին թեմա է Գյումրիում։

Ըստ էության հուշագրի ստորագրումը տեղի է ունեցել խայտառակ, աղաղակող շանտաժի պայմաններում։

Մինչ «Բալասանյան» դաշինքում մտածում էին` ինչպես ու ում հետ կառավարել քաղաքը, իշխանությունները ժամանակ չեն կորցրել ու անցել են տոտալ ահաբեկման` իրենց սովոր գործելակերպին։ Օրեր առաջ ԶԼՄ-ները տեղեկացրեցին, և ԱԱԾ-ն էլ տեսանյութ հրապարակեց, որ կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել են Գյումրու քաղաքապետարանի 2 աշխատակիցներ, երկուսն էլ՝ Սամվել Բալասանյանի թիմակիցները։

Այդ ժամանակ արդեն բոլորը քաղաքում հասկացան, որ վերջինիս ստիպում կամ պարտադրում են հուշագիր ստորագրել իշխող ուժի՝ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության հետ, ում ինքնասիրությունը խիստ վիրավորված էր, ըստ իրենց՝ անակնկալ պարտությունից։

Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ` «Բալասանյան» դաշինքին զգուշացվել է, որ ցանկալի չէ կոալիցիա կազմել «Զարթոնքի» հետ: Մեզ հասած տեղեկություններով` «Զարթոնքի» առաջնորդ Վարդևան Հակոբյանն ընդամենը 2 պաշտոն էր ուզել` մեկը՝ փոխքաղաքապետի, իր համար, մյուսը` քաղաքաշինության բաժնի պետի պաշտոնը։ Այլ պաշտոնների Վարդևան Հակոբյանը չի հավակնել, ասել է, որ ավագանու իրենց հասանելիք 4 մանդատներով կմիանա «Բալասանյան» դաշինքին, միասին կունենան թվով 18 մանդատ, որն ավելի քան բավարար կլինի քաղաքի կառավարման հարցերում չստանալ ՔՊ-ի համաձայնությունը։ Եվ հենց սրա մասին տեղեկանալով են ՔՊ-ականներն իրավապահ մարմինների անմիջական օգնությամբ կազմակերպել վերոնշյալ ձերբակալության շոուն։

Ի դեպ, Գյումրիում ասում են, որ իրենց նպատակին հասնելուց հետո ձերբակալվածներին ազատ են արձակել։

ՔՊ-ականները «Բալասանյան» դաշինքից ըստ ամենայնի կստանան փոխքաղաքապետի 2 պաշտոն, ինչպես արդեն իսկ պահանջել են, և բոլոր բաժինների պետերի կեսի պաշտոնները։

Հատկանշական է, որ Գյումրիում խոսում են` ՔՊ-ականները զանգում են իրենց ծանոթ մարդկանց և ասում, որ այն բաժինների աշխատակիցներին,  որոնք իրենց են անցնելու, ազատելու են աշխատանքից, և եթե իրենց հետ ուզում են աշխատել, թող տեղեկացնեն։ Այսինքն՝ այդ մարդիկ պատրաստ են փողոցից մարդիկ հավաքագրել ու բերել քաղաքապետարան, միայն թե իրենց դիրքերն ամուր լինեն։

Ի դեպ, նրանք նաև հայտարարում են, թե սա դեռ սկիզբն է, և հենց ոտները պնդացնեն քաղաքապետարանում, դեռ «Բալասանյան» դաշինքին շատ վատ օրեր են սպասելու։

Ավելին՝ սկզբնաղբյուրում