Բաց նամակ կառավարությանը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Եւ այսպիսով դասերը կրկին դարձել են «հեռավար»։ (Երկիրը համակենտրոնացման ճամբար դարձնելու մյուս քայլերի մասին այստեղ չեմ խոսում․ դրանք համաշխարհային բնույթ ունեն, թեեւ այն հարվածները, որոնք գուցե վերապրեն հարուստ երկրները, կարող են մահացու լինել մեր երկրի համար)։

Դեռեւս մոտ մեկ ամիս առաջ ես նամակ ստացա, որում առաջարկվում էր մասնակցել «հեռավար» ուսուցման քննարկմանը։ Ես հրաժարվեցի, նշելով, որ անիմաստ է քննարկել մի բան, որը չի կարող գոյություն ունենալ։ Ինչպես գոյություն չունեն եռագլուխ վիշապներ, կամ կենդանի դիակներ։ Թեեւ, ինչ վերաբերում է վերջինին, ապա եթե այդ «հեռավար» կրթությունը շարունակվի մեր երկրում կրթության վիճակը հնարավոր կլինի բնութագրել միայն այդ բառակապակցությամբ։

Սեզոնային համաճարակները բնական երեւույթ են եւ եղել են միշտ, եւ լինելու են միշտ։ Նախկինում էլ հաճախ ուսումնական տարին կարող էր կրճատվել մի քանի շաբաթով՝ համաճարակի վերելքի պահերին։ Սակայն ոչ ոք դա տիեզերական խնդիր չէր դարձնում, իսկ բաց թողնված օրերը որպես կանոն լրացվում էին ամառային կամ այլ արձակուրդների հաշվին․ եւ ոչ ոք չէր տուժում։

Այլ է վիճակն այսօր։ Զինվելով սեզոնային շնչառական հիվանդությունների, իբր, «նոր», «աննախադեպ» լինելու պնդումով, այսօր պարզապես կրճատում են ուսուցման օրերի քանակը, ոչնչով դրանք չլրացնելով, քանի որ, իբր, կազմակերպում են «հեռավար» ուսուցում։ Ես դասավանդում եմ կերպարվեստի ոլորտին վերաբերող առարկաներ եւ գիտեմ, որ դրանք սկզբունքորեն չեն կարող «հեռավար» լինել՝ ըստ սահմանման․ դասախոսը անձամբ պիտի աշխատի ուսանողի աշխատանքի վրա եւ ուսանողի աչքի առաջ, որպեսզի կարողանա փոխանցել իրեն իր հմտությունները։ Սա միարժեքորեն ակնհայտ է արվեստի նաեւ մյուս ճյուղերի դեպքում։ Բայց միամտություն է կարծել, թե, օրինակ, լեզվի կամ մաթեմատիկայի դասավանդման դեպքում այդ «հեռավարը» հնարավոր է։ Ոչ, հնարավոր չէ, քանի որ աշակերտը (ուսանողը) յուրացնում է գիտելիքը ոչ միայն դասատուի (դասախոսի) խոսքի միջոցով, այլեւ այն հոգեբանական կապի շնորհիվ, որը հաստատվում է դասավանդողի, սովորողի, ամբողջ խմբի միջեւ անմիջական շփման արդյունքում՝ շարժմունքների, հայացքների միջոցով։

Այսպիսով, «հեռավար» ուսուցումը սոսկ խեղաթյուրում է։ Մինչդեռ այդ խեղաթյուրման եւ խեղկատակության դիմաց ուսանողները վճարում են իրական գումարներ։ Եթե դուք իրոք կարծում եք, թե այնքան սոսկալի վտանգ է սպառնում դասախոսներին եւ ուսանողներին, որ դասերը պետք է դադարեցվեն, ուրեմն լրացրեք դասաժամերը արձակուրդների հաշվին։ Կամ հայտարարեք (եթե անկեղծ եք ձեր պնդումներում), որ ոչ առկա ուսուցման օրերի դիմաց ուսանողները չպիտի վճարեն։ Կամ՝ վճարեն պայմանագրային գումարի, ասենք, 20 տոկոսը․ չի բացառվում, որ ինչ-որ գիտելիք սովորողները «հեռավար» ձեւով գուցեեւ կարող են յուրացնել, սակայն դա սոսկ չնչին քանակի եւ որակի գիտելիք կարող է լինել։ Եւ նույն տոկոսով պետք է վարձատրել դասախոսներին, քանի որ իրենք էլ նույն մասով են իրագործում իրենց պարտականությունները, այն է՝ գիտելիքների եւ հմտությունների հաղորդումը ուսանողներին։ Իսկ ուսման վերջում էլ դիպլոմներում թող նշում կատարվի, որ տվյալ շրջանավարտը «գիտելիքների» որոշակի մասը ստացել է «հեռավար»․ դրանով սոսկ կարձանագրվի փաստը։ Թե՞ դուք կուզեիք այն թաքցնել։

Ի վերջո, այսօր Համացանցում կան բազմաթիվ դասընթացներ, որոնք հաճախ վարում են բավական լավ վարպետներ եւ հաճախ էլ՝ շատ ավելի հաջող եւ խորը ծրագրերով։ Ընդ որում՝ հաճախ՝ բոլորովին անվճար։ Եթե իրոք դրանց միջոցով հնարավոր է գիտելիք եւ հմտություն ձեռք բերել, ապա ինչո՞ւ պիտի առհասարակ ուսանողը վճարի որեւէ բուհի այդ «հեռավար» դասընթացների համար։ Ընդամենը «դիպլոմ» ստանալու համա՞ր։ Այդ դեպքում էլ․ արիություն դրսեւորեք եւ խոստովանեք, որ ձեր ապահոված «կրթությունը» ոչ թե գիտելիք է տալիս, այլ դիպլոմ է վաճառում․ պարզապես՝ վաճառքի գործընթացը տեւում է 4-ից 6 տարի (կամ ավելի երկար)։

Ռուբեն Թարումյան
29.10.2021