Ալիևն օդանավակայաններ է կառուցում ՆԱՏՕ-ի ինքնաթիռների վայրէջքի համար. Ադրբեջանն աջակցում է Իսրայելին՝ Իրանի վրա հարձակվելու համար

Մանրամասներ

ա

Նորատ Տեր-Գրիգորյանցը 168.am-ին ասել է, որ երբ իրեն հարցնում են՝ ով է մեղավոր պարտության հարցում, ինքն ասում է, որ հայ ժողովուրդը, որովհետև ընտրում է մարդկանց, որոնք քանդում են զինված ուժերը, անվտանգությունը, և որոնք սխալ են կառավարում երկիրը՝ հսկայական սխալներ թույլ տալով:

«Իսկ Ալիևն իր պետության տեսանկյունից չափազանց խորամանկ ու խելացի վարվեց քաղաքական, դիվանագիտական և ռազմավարական ուղղություններով: Օգտվելով առիթից, որ իր գլխավոր գործընկեր Թուրքիան քայլեր է ձեռնարկում Օսմանյան կայսրության վերականգնման նպատակով Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, ներկայումս էլ՝ Ուկրաինայում, կարողացավ օգտագործել նաև Թուրքիայի ներուժը»,- ասաց նա:

Անդրադառնալով ապաշրջափակման և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին հարցին՝ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ ճանապարհին, առավել ևս՝ միջանցքին, դեմ է:

«Թող կամուրջ կառուցեն Կովսականից մինչև Նախիջևան, չէ՞ որ Ալիևը հարուստ է, նման կամուրջներ ամենուր կան, այդ թվում՝ Եվրոպայում: Թող այդպես երթևեկեն, և նույնիսկ դա վերահսկողության տակ պետք է լինի: Այդ դեպքում Իրանին արգելափակելու երևույթներ ևս չեն լինի, քանի որ, եթե Հայաստանը համաձայնում է դա տալ, ապա փակվում է Իրանը: Չէ՞ որ պատահական չէ, որ Իսրայելն է այնտեղ Ադրբեջանին օգնում վերացնել հայերին, նրանք օդանավակայաններ են կառուցում ՆԱՏՕ-ի ինքնաթիռների վայրէջքի համար, Ադրբեջանը աջակցում է նրանց Իրանի վրա հարձակվելու համար: Պատահական չէ նաև, որ Իրանը սկսեց վարժանքներ իրականացնել, շատ խելացի է: Պետք չէ Իրանի դեմ գործել»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ Հայաստանին խորհուրդ տալով համագործակցել Իրանի հետ և չդիմել քայլերի այդ երկրի դեմ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Վարանդայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցեցին Վարանդայի (Ֆիզուլի) նորակառույց միջազգային օդանավակայանի բացման պաշտոնական արարողությանը: Ադրբեջանը մտադիր է կառուցել ևս երկու օդանավակայան՝ մեկը` Լաչինում, մյուսը` Կովսականում ( Զանգելանում): Ալիևի փոխանցմամբ՝ Զանգելանը «պետք է վերածվի խոշոր լոգիստիկ կենտրոնի»: