Սյունիքում զորքի հետքաշման հրամանը անձամբ ես եմ տվել. Փաշինյան

Մանրամասները՝ տեսանյութում

«Այսօր ադրբեջանցի սահմանապահները հայտնվել են Սյունիքում, որովհետև դեկտեմբերի 18-ին եղել է զորքերի հետքաշման հրաման, որը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Զորքերի հետքաշման հրամանը եղել է բանավո՞ր, թե՞ գրավոր, ի՞նչ է այն մարդու անուն-ազգանունը, ով հնչեցրել է նման հրաման, արդյո՞ք ԱԽ նիստ տեղի է ունեցել՝ նման որոշում կայացնելուց առաջ»,- այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Երբևէ նման բան եղե՞լ է: Գրավոր է եղել, թե բանավոր է եղել, նախարարը գրավոր է տվել, թե բանավոր՝ իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է՝ այո, եղել է: ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը, որովհետև հետո ինքը գործուղման էր, մասնակցել են այդ քննարկմանը:

Այդ քննարկումը տեղի է ունեցել կառավարությունում, և որոշում է կայացվել: Ինչո՞ւ է կայացվել այդ որոշումը: Որոշումը կայացվել է հասցեագրելու համար ձեր՝ հիմա հնչեցվող քննադատությունները, կայացվել է՝ պատերազմից խուսափելու համար, որովհետև իմ համոզմունքը այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու և իրոք Սյունիքում մենք ունենալու  էինք խնդիրներ: Ես ձեզ 100 անգամ ասել եմ՝ ինչի մենք ընդե՞ղ էինք կանգնած: Մենք դրանից տասնյակ կիլոմետրեր առաջ էինք կանգնած: Մենք եկել-հասել ենք, ցավոք սրտի, այդտեղ: Ես եմ տվել հետքաշվելու հրամանը, Վաղարշակ Հարությունյանը իրականացրել է այդ հրամանը»։