Ամերիկյան ընկերությունները Հայաստանում բախվում են ուսանողների հմտությունների և գիտելիքների պակասի հետ. ԱՄՆ դեսպան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Հայաստանում հոկտեմբերի 27-ին մեկնարկել է Digiweek 2021-ը։ Միջոցառման նպատակը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 3-ը եւ կազմակերպվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ մասնավոր ընկերությունների կողմից, բարձր տեխնոլոգիաների ոլորտի հնարավորությունների շուրջ աշխարհասփյուռ հայությանը համախմբելն է։

Իր ելույթում Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին նշեց, որ կարեւոր է հասկանալ, թե ինչպես բարելավել էկոհամակարգը Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար, ինչպես կարող է Միացյալ Նահանգները նպաստել նորարարությունների խթանմանը եւ ինչպիսի փորձը կարող է կիսել:

Դեսպանն ընդգծեց պայմանների առկայության անհրաժեշտությունը, մտավոր սեփականության պաշտպանության համար անհրաժեշտ հիմքերի ձեւավորումը։ Նա որպես օրինակ բերեց պետության, ակադեմիական հատվածի եւ բիզնեսի միջեւ կայացած աշխատանքի համակարգը, որը գոյություն ունի ԱՄՆ-ում։ Նրա խոսքով, երեք բաղադրիչներն էլ իրենց ներդրումն են բերում երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մեջ։

«Հայաստանի կառավարությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի կրթական համակարգի զարգացման վրա։ Ամերիկյան ընկերությունները Հայաստանում փնտրում են աճի հնարավորություններ, սակայն բախվում են ուսանողների ինժեներական հմտությունների եւ գիտելիքների պակասին»,- հավելեց Լին Թրեյսին: Դեսպանը հիշեցրեց ուսանողների փոխանակման ծրագրերի մասին, որոնք նաեւ հայ ուսանողներին են օգնում անհրաժեշտ հմտություններ ձեռք բերել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Digiweek 2021-ի շրջանակներում կանցկացվի Digitec Expo ցուցահանդեսը, որը կլինի ամենամեծը նախորդներից՝ ավելի քան 1400 ք/մ մակերեսով եւ ավելի քան 100 ընկերությունների մասնակցությամբ, ինչպես նաեւ Hyetech Showcase-2021 ցուցահանդեսը: Առաջին անգամ կանցկացվի նաեւ Digitec Summit-202 համաժողովը, որի ընթացքում աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կքննարկվեն Հայաստանում եւ աշխարհում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները։