Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ

ա

Հայաստանը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու եւ վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի: Անվտանգության համակարգի զարգացման իմաստով կարեւոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլեւ Հայաստանի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձեւավորումը, Հայաստանի, Արցախի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետեւողական իրագործումը, որը մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով բանակցային գործընթացի վերականգնման, տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով:

Պետք է ընդգծել, որ տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել Հայաստանի տնտեսության բովանդակությունը եւ կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժաշմեկտ ներառական տնտեսական աճ, ՀՀ քաղաքացիների հավասար պայմաններ տնտեսական գործունեության  մեջ ներգրավվելու համար, էականորեն բարձրացնել մեր երկրի գրավչությունը տեղական եւ օրարերկրյա ներդրումների  համար»: