Ընդդեմ Էրդողանի. Թուրքիայում ընդդիմադիր «Ազգ» դաշինքին նոր կուսակցություններ են միանում

Մանրամասներ

ա

Թուրքիայում այժմ իշխող «Ժողովրդական» (Cumhur) դաշինքին ընդդիմադիր «Ազգ» (Millet) դաշինքը գալիք ընտրություններին կարող է մասնակցել կուսակցական նոր կազմով։ Այս մասին, ըստ ermenihaber.am–ի՝  իր հոդվածում գրում է թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի լրագրողներից Սելդա Գյունեյսունը։

Լրագրողը հայտնում է, որ «Լավ» (İyi) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների և «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի վերջին հանդիպման ժամանակ քննարկվել է դաշինքն ընդլայնելու հարցը։

Սպասվում է, որ «Ազգ» դաշինքին կմիանան նաև Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի՝ «Ժողովրդավարություն և առաջընթաց» (ԺԱԿ-DEVA), նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ «Ապագա» (Gelecek) և գործարար, քաղաքական գործիչ Մուստաֆա Սարըգյուլի՝ «Թուրքիայի վերափոխման» (ԹՎԿ-TDP) կուսակցությունները։

Ըստ լուրերի՝ Սարգյուլն արդեն իսկ դրական է արձագանքել դաշինքին միանալու առաջարկին, իսկ մյուս կուսակցություններում դեռևս շարունակվում են քննարկումները։

Ստացվում է, որ «Ազգ» դաշինքը 2023թ․ ընտրություններին կարող է մասնակցել նոր կազմով, որի մեջ կմտնեն «Ժողովրդավարություն և առաջընթաց», «Ապագա», «Երջանկություն», «Ժողովրդավարություն», «Թուրքիայի վերափոխման», «Լավ» և «Ժողովրդահանրապետական» կուսակցությունները։

Ըստ նախնական տվյալների՝ դաշինքը ներկայանալու է ««Ժողովրդական»-ը միայնակ է, «Ազգ»-ը՝ միասնական» (Cumhur tek, Millet birlik) կարգախոսով և քարոզարշավի ժամանակ հիմնական շեշտը դնելու է տնտեսության վրա։