Լարվածությունն օր օրի ավելի է շատանում, մեզ ավելի վատ օրեր են սպասվում

Մանրամասներ

1

Գրեթե երկու ամիս է՝ թշնամին ոստիկանական անցակետ է տեղադրել Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում։ Բացի այն, որ այդ հատվածում նրանք կանգնեցնում են իրանցի վարորդներին և գումար գանձում, հայերին ևս թույլատրում են որոշակի ժամանակահատվածում անցնել ճանապարհը։ Այժմ հայերը մեկ ժամ պետք է սպասեն այդ հատվածում, այնուհետև ռուս սահմանապահների ուղեկցությամբ անցնեն՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար։

168.am-ի հետ զրույցում Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանն անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ոստիկանական անցակետի և առհասարակ ՀՀ սուվերեն տարածքում թշնամու ներկայությամբ պայմանավորված իրավիճակին, տեղեկացրեց, որ Սյունիքում լարվածությունը գնալով մեծանում է և անվտանգությունն ավելի փխրուն է դառնում։

«Մենք շարունակում ենք օգտվել Որոտանի այդ ճանապարհից, լարվածությունը օր օրի ավելի է շատանում, մեզ ավելի վատ օրեր են սպասվում։ Այդ ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցնում են հայերին ու տուգանքներ գրում, ճիշտ է՝ բարձրավանցիների շրջանում դեռ այդպիսի դեպք չի եղել, բայց ոչինչ չի բացառվում։ Այժմ ընթանում է այլընտրանքային ճանապարհի շինարարությունը, սակայն այդ այլընտրանքային ճանապարհները երկարացնում են մեր ճանապարհը, ինչպես արդեն ասել եմ նախկինում՝ 30 կիլոմետրը դառնում է 70 կիլոմետր։

Հնարավոր կորուստներից խուսափելու համար ես իմ ամբողջ ազգին առաջարկում եմ միախմբվել և միասին պայքարել թշնամու ոտնձգության դեմ։ Այդ ժամանակ մենք շատ մեծ հաջողությունների կհասնենք, մեզ այս պահին միավորում է պետք, պետք է միավորվել մեկ գաղափարի՝ մեր պետության ու հայրենիքի շուրջ։ Պետք է պայքարել, որ մեր կորցրած հողերը հետ բերենք, դրանք անխուսափելիորեն պետք է հետ բերենք»։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։