Տեր Ավետիքն այցելել է Փայլասարի տարածք. Նա հաստատում է Կապանի քաղաքապետի խոսքերը. Մանրամասներ. Ֆոտո

Մանրամասներ

ա

Սյունյաց թեմի Վահանավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը Lragir.am-ին մանրամասներ է տրամադրել Սյունիքի մարզի Փայլասարի տարածքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն օրերս հայտարարել էր, որ Փայլասարի որոշ հատվածներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ռուս սահմանապահ զորքերը տարածքից տեղափոխվել են, ինչի հետևանքով տարածքի վերահսկողությունն անցել է ադրբեջանական կողմին, ասել է քաղաքապետը։

Տեր Ավետիքն օրերս այցելել է Փայլասարի տարածք, և մեզ հետ զրույցում ասաց, որ հաստատում է Կապանի քաղաքապետի խոսքերը։ «Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահի օրհնությամբ 2 քահանաներով եղանք Փայլասարում։ Այցելեցինք տարածքում գտնվող սրբատեղին։ Ականատեսի աչքերով տեսանք իրականությունը, ինչը ներկայացրել էր համայնքապետը։ Փայլասարի տարածքում ունենք միջնադարյան մատուռ՝ «Ջուխտակ մանթուռը»։ 2019 թվականին բարերարներից մեկի կողմից երկաթյա խաչ էր տեղադրվել Փայլասարի մի հատվածում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո նշված հայկական տարածքը դարձավ վիճելի թշնամու և մեր միջև։ Նախորդ տարեվերջին ըստ GPS կոչվածի՝ ՀՀ պատասխանատու մարմինները պարտադրված էին սարը հանձնել թշնամուն, և խաչն անհրաժեշտ էր ապամոնտաժել։ Տարածքում գտնվող դիրքի հրամանատարը տեղեկացրեց բարերարին, որ խաչը պետք է սարից իջեցնել, սակայն այդ օրը ոչ մի տեխնիկա չկարողացավ բարձրանալ վեր։ Նույն ժամանակ հրամանատարն ու զինվորական անձնակազմը խաչից մոտ 15 մետր հեռավորության վրա գտան ԽՍՀՄ ժամանակներից մնացած վարչական բաժանման սահմանասյունը։ Ի վերջո ռուս խաղաղապահները որոշեցին, որ նշված սարը խաչի հետ միասին պետք է մնա ՀՀ սահմաններում։ Հիմա GPS-ով գծված սահմանը չի համապատասխանում այդ սահմանասյան սահմանին, գալիս ու մտնում է մեր տարածքի մեջ։ Մեր շրջաններում բնակվող շատ տարեցներ այսօր պատմում են, որ ԽՍՀՄ ժամանակներից պահպանված նմանատիպ բազում սահմանաքարեր կան, որոնցով գծում էին ժամանակին վարչական սահմանները։ Եվ խոսքը միայն Ջուխտակ մատուռի մասին չէ, այլ Սյունիքում շատ տարածքներ ունենք, որոնք այսպես հանձնվել են։ Սա փաստերից մեկն է, որ այդ գիծն անօրինական է։ Ներկա պահին խաչը գտնվում է իր տեղում, բայց …»,- ասաց Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը։

Անդրադառնալով հարցին, որ սահմանների հարցում ԽՍՀՄ քարտեզներ են մեջբերվում, նա ասաց․ «Մեր սրբատեղիները և այլ մշակութային օջախները ԽՍՀՄ-ից առաջ էլ գոյություն ունեին, ինչը փաստում է Ջուխտակ մատուռը։ Սակայն այսօր, երբ անօրինական GPS-ով նայում ես սահմանագիծը, տեսնում ես, որ այն անցնում է հայկական տարածքով և կիսում է միջնադարյան սրբավայրը երկու մասի, ինչը չի կարող տրամաբանական լինել»։

Ըստ նրա՝ ոչ ոք չի հերքում, որ Հայաստանի տարածքում ադրբեջանցիներ էին ապրում, ինչպես նաև շատ հայեր ապրում էին Բաքվում, Սումգայիթում և այլուր։ «Բայց իրենց բնակված տարածքում ադրբեջանցիները պատմական սրբավայրեր երբեք չեն ունեցել, ինչն էլ փաստում է, որ այս հայկական տարածքներում նրանք եկվոր էին, նաև նրանց տապանաքարերի վրա գրված տարեթվերն են փաստում այդ մասին։ Ուստի, վերոնշյալ միջնադարյան սրբավայրը ոչ կիսով, և ոչ էլ ամբողջովին չի կարող լինել ադրբեջանական։ Այն միանգամայն հայկական է, և հարկ է որ գտնվի իր տեղում, որպես ՀՀ անքակտելի ամբողջություն»,- հավելեց նա։

ա

ա

 

ա