Պաշտպանության փոխնախարարը Փաշինյանին մեղադրում է պետական գաղտնիքի մասին օրենքը խախտելու մե՞ջ

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ Փայլասարի տարածքում դիրքային փոփոխություն չի եղել՝ հղում անելով ԱԱԾ-ին:

Չնայած լրագրողների պնդումներին, փոխնախարարը հրաժարվել է սահմանային իրավիճակի մասին հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով, որ դրանք իրենց մեջ պետական գաղտնիքի տարրեր են պարունակելու:

Այս համատեքստում պաշտպանական գերատեսչության պաշտոնյան հիշեցրել է.

«Զորքերի կահավորվածության, դիրքերի քանակի, հեռավորության և նմանատիպ այլ հարցերը կանոնակարգվում են պետական գաղտնիքի մասին օրենքով, և եթե չեմ սխալվում, 1998թ. կառավարության համապատասխան որոշում կա»:

Ի՞նչ է ստացվում՝ ՀՀ Պաշտպանության փոխնախարարն անուղղակի կերպով Փաշինյանին մեղադրում է պետական գաղտնիքի մասին օրենքը խախտելու մե՞ջ:

Հիշեցնենք, որ 2021-ի մայիսի 5-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր Արման Սարգսյանի մատնանշած գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություններ:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հենց ինքն էր բացահայտ հայտարարել՝ բանակի հետ կապված հրապարակելու է գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություն:

«Գաղտնիության էլեմենտներ կան, բայց ես հարկ եմ համարում հրապարակել. «2018-2020 թվականների ընթացքում ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ, զինվորների կենցաղի ապահովման կառույցները` 2,7 անգամ, հավաքովի գետնատնակների թիվը՝ 5.9 անգամ: Բացի այս, երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարանները 55 անգամ են ավելացել, քառաթև հավաքովի գետնատնակները՝ 55 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով գետնատնակները՝ 64 անգամ, պաշտպանիչ հողաթմբեր՝ 1.3 անգամ, ռազմական ճանապարհներ՝ 1.4 անգամ,- գաղտնազերծել էր նա և անցել զինատեսակների թվաքանակի ներկայացմանը,- Հրաձգային զենքերի և մերձամարտի միջոցների թիվն աճել է 1.8 անգամ, հրետանային միջոցներ՝ 7.3 անգամ, օպտիկական սարքեր և սարքավորումներ՝ 3.5 անգամ, ավտոմոբիլային տեխնիկայի քանակն աճել է 2.3 անգամ, ինքնաթիռային և «Կոպտեր» տեսակի ԱԹՍ-ներ՝ 6.8 անգամ, տեսադիտարկման սարքեր՝ 2 անգամ»,- մանրամասնել էր Փաշինյանը:

Իսկ 2020 թվականի մայիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը առցանց մամուլի ասուլիսի շրջանակում հանրայնացրել էր մարտական նոր դիրքերի թիվը:

«Առաջնագծում տեղադրվել են թվով 23 նոր մարտական (կրակային) դիրքեր։ Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման նոր սարքեր՝ ջերմատեսիլ, ցերեկային և համակցված տեսախցիկներ: Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել են 148 մարտական (կրակային) դիրքեր և հենակետ, մշտական ջրով՝ 235, տեղադրվել են արևային էներգիայով սնուցվող 330 վահանակներ: Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով»,- ասել էր նա:

Հավելենք, որ 168.am-ը շարք է սկսել, որի շրջանակում ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հրապարակային ելույթները, ուղերձներն ու ժողովրդին ուղղված կոչերը, հարցազրույցները, որոնցում կարելի է գտնել պետական գաղտնիքի մասին օրենքի խախտումներ:

Ի դեպ, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եղել են նաև ռազմական պլանները նախապես հրապարակայնացվելու դեպքեր: