Աստված ընտրեց հենց Աբրահամին. Յուրաքանչյուրի մոտ հարց է ծագում, թե ով էր Աբրահամը

Աստված, ընտրելով Աբրահամին, կամեցավ վերականգնել Իր և մարդկանց միջև հոգևոր կապը, որը խաթարվել էր Ադամի և Եվայի պատվիրանազանցության, ինչպես նաև նրանց հետագա սերունդների մեղքերի պատճառով

ա

Սրբազան պատմությունը վկայում է, որ անդրանիկ մեղքը գործում է մարդկային բնության մեջ, սակայն այդուհանդերձ պատվիրանազանցությունից և Ադամի դատապարտումից անմիջապես հետո Աստված խոստում է տալիս մարդկային ցեղի ապագա փրկության մասին:

Աստված Ադամին և Եվային պատժելուց զատ նաև դիմում է նրանց՝ խոսելով այն ժամանակի մասին, երբ կնոջ ցեղը կջախջախի օձի գլուխը: Եվ հենց այստեղ է առաջին անգամ խոսվում Փրկչի մասին, Ով ծնվելով կնոջից, կհաղթի սատանային և մարդկային ցեղը կփրկի նրանից:

Սակայն չափազանց կարևոր է նկատել, որ Աստված չի ասում. «Ես կջախջախեմ օձի գլուխը»: Իսկ սա նշանակում է, որ աշխարհում չարիքի դեմ մղվող պայքարին, ինչպես նաև մարդկության կողմից դրախտի վերագտման կարևորագույն նպատակին պետք է մասնակցի ոչ միայն Աստված, այլ մեզնից յուրաքանչյուրն անհատապես իր սեփական ջանքերով:

Եվ այս ճշմարտությունն մարդկանց առավել տեսանելի և հասկանալի դարձնելու նպատակով Աստված ընտրում է Աբրահամ անունով մի մարդու, ով ապրում էր Միջագետքում՝ քաղդեացիների Ուր քաղաքում՝ ժամանակակից Իրաքի տարածքում:

Աբրահամն ապրել է Քրիստոսի Ծննդից երկու հազար տարի առաջ: Եվ Աստված, ընտրելով Աբրահամին, կամեցավ վերականգնել Իր և մարդկանց միջև հոգևոր կապը, որը խաթարվել էր Ադամի և Եվայի պատվիրանազանցության, ինչպես նաև նրանց հետագա սերունդների մեղքերի պատճառով:

Այսպիսով՝ Աստված Աբրահամին դիմեց հստակ կոչով և խոստումով. «Գնա՛ այն երկիրը, որը ցույց կտամ քեզ: Քեզ մեծ ցեղի նախահայր պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, պիտի փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես» (Ծննդ. ԺԲ 1-2):

Եվ Աբրահամը կատարում է առաջին հայացքից չափազանց անտրամաբանական քայլ. նա թողնում է ընտանիքն ու տունն իր ամբողջ կարողությամբ և անապատի միջով մեկնում է դժվարին ճանապարհորդության դեպի Քանանի երկիրը, որ Տերն էր ցույց տվել իրեն:

Աբրահամը մեկնում է` չունենալով ոչ մի այլ պատճառ և հիմնավորում ՝ բացի Աստծո նկատմամբ վստահությունից: Եվ ի պատասխան այդ հավատի և որդիական հնազանդության՝ Տերը մեծ խոստում է տալիս Աբրահամին: Այլ կերպ ասած՝ ուխտ է կնքում Աբրահամի հետ: Աստված Աբրահամին բարօրություն և բազում սերունդներ է խոստանում՝ փոխարենը պահանջելով նրանից հավատ և հնազանդություն:

Սակայն Տերը փորձության է ենթարկում Աբրահամի հավատքը: Աբրահամը որդի է ունենում, որին կոչում է Իսահակ: Երեխան մեծանում է՝ իր ընտանիքին ուրախություն և հույս պարգևելով, և նրա միջոցով իրականանում է Աստվածային խոստումը: Սակայն երբ Իսահակը հասնում է պատանեկության տարիքին, Աստված Աբրահամին պատվիրում է որդուն զոհաբերել:

Եվ կարելի է պատկերացնել, թե Աբրահամը որքա՜ն հույսեր էր կապում իր միակ որդու հետ: Չէ՞ որ բուն ուխտն հանդիսանում էր մարդու և Աստծո միջև կնքված այն դաշինքը, որի շնորհիվ Աբրահամը մեծ ցեղի նահապետ պետք է դառնար:

Սակայն արի ու տես, որ Աստված հանկարծ Աբրահամին ասում է. «Ա՛ռ քո միակ որդուն՝ քո սիրելի Իսահակին, գնա՛ մի բարձրադիր տեղ և այնտեղ՝ լեռան վրա, որ ցույց կտամ քեզ, ողջակիզի՛ր նրան» (Ծննդ. ԻԲ 2):

Եվ անկախ իր միակ որդու նկատմամբ անսահման սիրուց, միևնույնն է Աբրահամն ընտրում է հնազանդությունն Աստծո կամքին, անգամ իր երկար սպասված որդուն մահվան մատնելու գնով:

Այս ամենից հետո Աստված օրհնում է Աբրահամին իր ողջ սերնդով և նրանց վրա է իջնում Տիրոջ առանձնահատուկ օրհնությունը, և Աբրահամի ժառանգներն այսուհետ պետք է ապրեին միմիայն Աստծուն հավատալով:

Յուրաքանչյուրի մոտ հարց է ծագում, թե ով էր Աբրահամը. միգուցե բարեպա՞շտ, իմաստո՞ւն, գիտնակա՞ն կամ փիլիսոփա՞: Ո՛չ: Եվ որքան էլ զարմանալի է նա իրականում պարզապես մի հասարակ քոչվոր էր, որը բացարձակապես ոչնչով չէր տարբերվում իր ժամանակաշրջանում ապրող այլ մարդկանցից, նույնիսկ՝ բարեպաշտությամբ:

Սակայն Աստված ընտրեց հենց Աբրահամին՝ հավատալով, որ նա կարող էր պատասխանել Իր կոչին: Եվ ամենինչ այդպես էլ եղավ, ինչի արդյունքում Աբրահամը դաշինքի մեջ մտավ Աստծո հետ, դրանով իսկ կատարելով մի քայլ, որն հանդիսանում էր Ադամի արարքի ճիշտ հակառակը:

Սակայն կարևոր է իմանալ, որ Աստված Աբրահամի հետ ուխտ-դաշինք կնքելով նպատակ ուներ ոչ թե սահմանափակել մարդկային ազատությունը, այլ՝ վերականգնել Իր և մարդկանց միջև գոյություն ունեցող հոգևոր կապը: Բայց անշուշտ այս ուխտ-դաշինքն իրենից ենթադրում էր նաև որոշակի հստակ պայմանների կատարում, որի նպատակը սակայն ոչ թե ազատության սահմանափակումն էր, այլ՝ այն Աստվածային շնորհին ծառայեցնելն ու այդկերպ մեղքից ազատագրումը:

qahana.am