Ինչու Թեհրանի և Բաքվի հակամարտությունը չի կարգավորվի. Հետղարաբաղյան համախտանիշ. ТАСС

Իրավիճակ

ա

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հրապարակել է Թեհրանում իր թղթակից Նիկիտա Սմագինի «Հետղարաբաղյան համախտանիշ. ինչու Թեհրանի և Բաքվի հակամարտությունը չի կարգավորվի» վերնագրով ծավալուն հոդված՝ անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի լարված հարաբերություններին ու այդ համատեքստում Հայաստանի հետ Իրանի հարաբերություններին:

«Վերջին օրերի իրադարձությունները նոր մակարդակի են հասցրել Իրանի ու Ադրբեջանի հակասությունները: 2010-ականներին թվում էր, որ Բաքուն և Թեհրանը, միմյանց նկատմամբ երկար տարիների անվստահությունից հետո, վերջապես գտել են լիարժեք համագործակցության հիմքը: Սակայն վերջին պատերազմը Ղարաբաղում փոխել է ինչպես ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, այնպես էլ ադրբեջանական կողմի դիրքերը:

Ներկա սրացման սկզբնական պատճառն Ադրբեջանի փորձերն են՝ սահմանափակել Իրանի և Հայաստանի կապերը: Սակայն խնդիրների համալիրը չի սահմանափակվում միայն այս հարցով: Թեհրանն անհանգստացած է Ադրբեջանում Իսրայելի ներկայությամբ և տարածաշրջանում Թուրքիայի հզորացմամբ: Բաքուն, իր հերթին, զգում է իր փոխված դերը և չի ցանկանում ուշադրություն դարձնել իսլամական հանրապետության ազգային շահերին»,-գրում է հեղինակը:

Իսրայելն առաջ է շարժվում

«Թել Ավիվի և Բաքվի հարաբերությունների զարգացումը լրջորեն անհանգստացնում է Թեհրանին: Առաջին հերթին, իրանական կողմը վախենում է, որ հավերժական թշնամին հենակետ կստանա հենց իր հյուսիսարևմտյան սահմանին: Իրանցի փորձագետներն արդեն հայտարարել են, որ իրանական միջուկային արխիվը, որը 2018-ին բացել է հրեական պետության այն ժամանակվա վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գողացվել է իսրայելական հատուկ ծառայությունների կողմից՝ ադրբեջանական կողմի միջնորդությամբ...

Թեհրանն ակնհայտորեն զգում է Թել Ավիվի ճնշման աճը, որն արդեն մի շարք ուղղություններով մոտեցել է Իրանի սահմանին: Սա իրանական կողմին ուղղված սպառնալիքների որակապես նոր բնույթ է: Վերջինս վրդովված է տեղի ունեցածից, սակայն, կարծես, դեռ ամբողջությամբ չի ձևակերպել չեզոքացման պատասխան մարտավարությունը: Հետևաբար, առայժմ իսլամական հանրապետությունը սահմանափակվում է իր հարևաններին բոցաշունչ նախազգուշացումներով:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա թվում է, որ նա կողմնորոշվել է. Իսրայելի հետ փոխգործակցությունը լուրջ է և երկարաժամկետ: Ավելին, հաղթելով ղարաբաղյան վերջին պատերազմում՝ Բաքուն չափազանց վստահ է իր ուժերի վրա, որպեսզի թույլ տա, որ ինչ-որ մեկն իրեն ասի՝ ում հետ պետք է համագործակցի»,-նշում է Սմագինը:

Հայաստանի կարևորությունը

Թեհրանը գտնվում է միջազգային լուրջ մեկուսացման մեջ՝ վերջին տարիներին ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականության պատճառով, և շահագրգռված է գտնելու այդ սահմանափակումները հաղթահարելու ուղիներ: Նշվում է, որ Հայաստանն Իրանի համար այդ առումով լավ գործընկեր է: «Հայկական կողմն Իրանի համար արժեքավոր տնտեսական գործընկեր է: 2020 թվականի վերջին երկրների միջև առևտուրը կազմել է 400 մլն դոլար»,-նշել է հոդվածագիրը: Հոդվածում շեշտվում է այն հանգամանքը, որ  Թեհրանը Հայաստանին մատակարարում է սննդամթերք և արդյունաբերական արտադրանք, ինչպես նաև նավթամթերք և գազ:

Հիշատակվում է նաև դեռ 2018-ին ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ  առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման, դրա հեռանկարների մասին: «Հայաստանը մնում է ԵԱՏՄ միակ պետությունը, որը սահմանակից է Իրանին: Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր՝ իրանական ապրանքների միջազգային շուկաներ արտահանման համար»,-ասված է հոդվածում:

«Բացի այդ, հայկական տարածքն այլընտրանքային ուղի է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի համար: Ադրբեջանը շարունակում է մնալ Կովկասում այս նախագծի հիմնական մասնակիցը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով Բաքվի և Թեհրանի միջև աճող հակասությունները, իրանական կողմը ակնհայտորեն չի ցանկանա այլընտրանք կորցնել այս խոստումնալից տարանցիկ ճանապարհի համար:

Ադրբեջանը, իր հերթին, շահագրգռված է Իրանի և Հայաստանի միջև առևտրի ամբողջական դադարեցմամբ: Արդեն տնտեսական ծանր վիճակում գտնվող Թեհրանի համար այս մոտեցումը բացարձակապես անընդունելի է թվում: Զարմանալի չէ, որ Բաքվի հայտարարությունները Նախիջևանի հանրապետություն միջանցք ճեղքելու և այդպիսով հայ-իրանական սահմանը վերահսկողության տակ առնելու պատրաստակամության մասին իրանական կողմից բուռն բողոքի պատճառ է դարձել»,-նշում է հեղինակը:

Վտանգավոր լարվածություն

«Սահմանի երկու կողմերում ակա կատաղի հռետորաբանության և զորավարժությունների ֆոնին, Ադրբեջանի և Իրանի միջև հակամարտության խորացումը հսկայական ռիսկեր է պարունակում երկու երկրների համար: Լիարժեք ռազմական գործողությունները բացառվում են: Երկու երկրների համար սա բացարձակ անտանելի բեռ  է՝ ծայրահեղ բացասական հետևանքներով:

Առճակատման հիբրիդային տարբերակը տեսականորեն հնարավոր է, բայց այն նաև չափազանց մեծ ռիսկեր է պարունակում թե՛ Իրանի, թե՛ Ադրբեջանի համար...

Բացի այդ, կա տնտեսական գործոնների մի ամբողջ շարք: Վերջին տարիներին Բաքուն և Թեհրանը հասել են համագործակցության լավ մակարդակի և հույս ունեն զարգացնել այն: Ցանկացած լուրջ սրացում վերջ է տալիս այս ծրագրերին»,-նկատում է Սմագինը:

Փակ շրջան

«Երկու երկրներն էլ ամեն ինչ կանեն, որպեսզի խուսափեն առկա լարվածության բացահայտ առճակատման վերածվելուց: Բայց խնդիրն այն է, որ կողմերի միջև առկա հիմնական հակասությունները չեն վերանա: Բաքուն մի կողմից որոշում է կայացրել դաշնակիցների ընտրության հարցում: Թուրքիայի հզորացումն ավելի քիչ է անհանգստացնում Իրանին, քան Իսրայելի ներկայությունը: Բայց Իրանն ընտրություն չի կարող կատարել. Կովկասում նա պետք է գործ ունենա ինչպես Անկարայի, այնպես էլ Թել Ավիվի հետ: Ադրբեջանի աճող ամբիցիաները կշարունակեն դրդել այս երկրի իշխանություններին`խոչընդոտել Հայաստանի հետ Իրանի կապերին:

Իրանը, իր հերթին կշարունակի պնդել, որ իր ազգային շահերը պետք է հաշվի առնվեն: Թեհրանի տեսանկյունից, ադրբեջանական կողմն արդեն բավականին շատ բան է ստացել Ղարաբաղում վերջին պատերազմի ժամանակ, որի արդյունքները իսլամական հանրապետությունը չի պատրաստվում վիճարկել: Ավելին, Իրանն արդեն գտնվում է ծանր վիճակում, ուստի մտադիր չէ նահանջել:

Հնարավոր փոխզիջում կարող է լինել Ադրբեջանի հրաժարվելն իրեն ու Նախիջևանը կապող միջանցք ստեղծելու գաղափարից: Ավելին, Ռուսաստանը կարող է նաև դեմ լինել այս հարցի ռազմական լուծմանը: Իզուր չէ, որ Իրանի ԱԳՆ-ն արդեն կոչ է արել Մոսկվային հայտնել իր դիրքորոշումը տարածաշրջանում հնարավոր սահմանների փոփոխման հարցում: Եթե Բաքուն նույնպես փաստացի դադարեցնի վիճարկել Հայաստանի հետ առևտրի Իրանի իրավունքը, ապա Թեհրանը կարող է նվազեցնել Իսրայելի ներկայության հարցում քննադատության աստիճանը: 

Սակայն փոխզիջումն այս դեպքում պետք է բխի բացառապես Ադրբեջանից: Հազիվ թե Իրանը կարող է դրա դիմաց ինչ -որ արժեքավոր բան առաջարկել: Վերջին պատերազմից հաղթանակած դուրս եկած Բաքուն դժվար թե այդքան հեշտությամբ համաձայնի նման սցենարին:

Ամեն դեպքում, մոտ ժամանակներս իրանական եւ ադրբեջանական կողմերի միջև լարվածության որոշակի մակարդակ կպահպանվի: Միևնույն ժամանակ, երկու կողմերի ռացիոնալ նկատառումները պետք է հետ պահեն իրավիճակը սայթաքումից դեպի իրական առճակատում»,-եզրափակել է հեղինակը: