Նոր սկսվող «մեծ խաղը» հավասարում է բազում անհայտներով. Տարասովը՝ «3+3» ձևաչափի մասին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի տարածաշրջանի հարցով փորձագետ և «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությանը «3+3» ձևաչափի ստեղծման վերաբերյալ, որին, ինչպես նախատեսվում է, պետք է միանան հարավկովկասյան երեք երկիր՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, և նրանց մեծ հարևաններ Իրանը, ՌԴ-ն և Թուրքիան:

Միևնույն ժամանակ Լավրովն ընդգծել էր, որ Թեհրանը, Անկարան և Բաքուն դրական են արձագանքել այդ գաղափարին: Լավրովը հույս էր հայտնել, որ Վրաստանը, չնայած տարաձայնություններին, ցանկություն կհայտնի ներգրավվել գործընթացին: ՌԴ արտգործնախարարը նշել էր նաև, որ «աշխատում են հայ գործընկերների հետ»:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Վրաստանը նախկինում դեմ էր արտահայտվել նման ձևաչափով քննարկումներին մասնակցելուն՝ պայմանավորված Ռուսաստանի հետ հարաբերություններով: «Վրացական ուղղությունն իր վրա էր վերցրել Թուրքիան»,- նշում է Տարասովը:

«Ինչ վերաբերում է Երևանին, ապա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ժամի ընթացքում արձագանքել է Լավրովի խոսքին՝ ասելով, որ Երևանը «նախ պետք է հասկանա, թե դա ինչ ձևաչափ է, ինչ նպատակով է իրականացվում, ինչ պայմաններում և ինչ սկզբունքներով պետք է գործի, և շատ այլ մանրամասներ, որպեսզի հստակ դիրքորոշում հայտնի այդ առիթով»»,- նկատում է փորձագետը:

«Այսօրվա դրությամբ նման մասնրամասներ չկան, և ոչ ոք չգիտի, թե Ռուսաստան-Թուրքիա-Իրան երկրներից որն է զբաղվում այդ նախագծի մշակմամբ կամ արդոք ընդհանրապես զբաղվում է: Այս առումով կարևոր յուրահատուկություն ընդգծենք: Չգիտես ինչու «3+3» ձևաչափի մասին Լավրովի հայտարարությունը որոշ լրատվամիջոցներ ներկայացնում են որպես «Մոսկվայի նոր առաջարկ», ինչն իրականությանը չի համապատասխանում: Առաջինը «Կովկասում կայունության և համագործակցության հարթակի» ստեղծման մասին խոսել է Անկարան 2008 թվականին Կովկասում տեղի ունեցած պատերազմից հետո: 1990-ականներից սկսած Թուրքիան մեկ անգամ չէ, որ հանդես է եկել տարածաշրջանային անվտանգության ձևաչափ ստեղծելու մասին հայտարարություններով, ձևաչափ, որն անորոշ բնույթ էր կրում: Այս առնչությամբ կարելի է վերհիշել, թե ինչպես էր 2000 թվականի հունվարի 16-ին Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելն առաջարկում նման միտք, սակայն ԱՄՆ-ի մանսակցությամբ: Առաջարկ է եղել նաև Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ ստեղծել «3+3+2» ձևաչափ՝ Հայաստան-Ադրբեջան-Վրաստան-Ռուսաստան-Թուրքիա-Իրան-ԵՄ և ԱՄՆ»,- հիշեցնում է քաղաքագետը:

Սակայն, ինչպես վերջինս նշում է, այն ժամանակ տարածաշրջանային անվտանգության մոդելի որոնումներն անարդյունք եղան, չհաջողվեց Ռուսաստան-Թուրքիա-Իրան համակարգի և Հայաստան-Ադրբեջան-Վրաստան ենթահամակարգի շահերին համապատասխան որոշման գալ:

«Այն ժամանակ արդեն աչքի էր ընկնում Անդրկովկասում երկխոսության միջոցով ամրապնդվելու Թուրքիայի ձգտումը: Իրանը նույնպես ձեռքերը ծալած չի նստել՝ ձգտելով թույլ չտալ, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռումը շրջանցի իրեն, և որ տարածաշրջանային անվտանգության երաշխավորները միայն Ռուսաստանն ու Թուրքիան լինեն: Եվ ապարդյուն: Անկարան խոսել է Թեհրանի հետ դաշինքի տարբերակով համագործակցության հնարավորության մասին: Ի դեպ, 2009 թվականի հոկտեմբերին հայտնի Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը, որոնք նախատեսում են հարաբերությունների կարգավորում Թուրքիայի և Հայաստանի միջև, այդ միտման մի մասն էր՝ ուղղված քաղաքական գործընթացները ենթահամակարգից համակարգ տեղափոխելուն: Սակայն ամեն ինչ խափանվեց, երբ թուրքական խորհրդարանը հրաժարվեց վավերացնել համաձայնագիրը»,- վերլուծում է Տարասովը:

Մասնագետը նշում է, որ «վեցի» հարթակին Անկարան վերադարձել է միայն երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո: Միևնույն ժամանակ որոշ փորձագետներ սկսել են որպես Թուրքիայի գործողությունների պատճառներից մեկը դիտարկել ԵԱՀԿ Մինսկի խումբը պարզեցնելու ցանկությունը: «Քանի որ ակնհայտ է, որ առանց «նոր Ցյուրիխի», այսինքն՝ առաջին հերթին Թուրքիայի և Հայաստանի միջև, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, «վեցի հարթակի» մասին մտածել կարելի է միայն ակադեմիական մակարդակում: Իսկ այժմ տարաձայնություններ են ի հայտ եկել Բաքվի և Թեհրանի միջև, որոնք վերացնելը հեշտ չի լինելու, քանի որ դա կապված է և Անդրկովկասում Անկարայի ազդեցության ուժեղացման խնդրի և որպես ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կայուն աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցի հետ: Այս ամենն այն մասին է, որ նոր սկսվող անդրկովկասյան «մեծ խաղը» հավասարում է բազում անհայտներով, որն ինչ-որ մեկն ստիպված է լինելու լուծել»,- նկատում է հոդվածի հեղինակը:

«Բայց ո՞վ: Առաջարկվող «Վեցի հարթակի» բոլոր անդամներից նման հնարավորություն ունի միայն Ռուսաստանը, սակայն դա նրա համար դեռևս ստատիկ բովանդակության սյուժե է, որի իմաստը իրավիճակը երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված նոր ստատուս-քվոյի մակարդակում պահպանելն է: Նոր սահմանների առնչությամբ դժգոհություն հրապարակավ հայտնել է Թեհրանը, որը նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների մտավախություն ունի: Կկանխի արդյո՞ք իրադարձությունների նման ընթացքը Ռուսաստան-Իրան-Թուրքիա կովկասյան պակտը: Հնարավոր է: Սակայն նման նախագծի իրագործման համար անհրաժեշտ է ժամանակ և անհավանական դիվանագիտական ջանքեր՝ ոչ միայն Մոսկվայի կողմից: Ըստ էության, տարածաշրջանում կայունությունը բխում է առաջին հերթին հենց տարածաշրջանի երկրների շահերից: Գործնականում իրական ներդրում է անհրաժեշտ «մեծ խաղի» յուրաքանչյուր մասնակցի կողմից, իսկ հեռանկարները մշուշոտ են առանց որևէ հստակության: Դեռևս մենք միայն խոսքեր ենք լսում»,- եզրափակում է Տարասովը: