Պատերազմից հետո Շուշիում չվնասված շինություն չի եղել՝ ո՛չ բնակելի շենքեր, ո՛չ հասարակական բնույթի շինություններ։ Յուրաքանչյուր մարդ, ով եղել է Շուշիում, ով գնացել է Շուշի, տեսել է թանգարաններ, վարչական շենքեր, հյուրանոցներ, դեպի Ղազանչեցոց գնալուց` տեխնոլոգիական, գյուղատնտեսական համալսարանը, Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական դպրոցը, բազմաբնակարան շենքեր, Կենտրոնական բանկի մասնաճյուղը, մանկապարտեզներ, մշակույթի պալատ, սպայական շենքեր և այլն։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Պաշտոնական տվյալներով Շուշիում ապրել է 4000 մարդ։ Ուզում եմ հարցս ուղղել Նիկոլ Փաշինյանին` արդյոք պատերազմից (Առաջին Արցախյան) հետո եղել է Շուշիում և եթե շրջել է Շուշիում, արդյոք չէր արձանագրել, այդ բոլոր շինությունները, որոնց մի մասը նկարագրեցի»,-ասաց նա։
Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց․«Ես խոսում էի բնակելի տներից և ընդհանրապես այս ամբիոնից ես խոսել եմ նաև այն տարածքների մասին, որոնց վերաբերյալ այս դահլիճում, այդ թվում ձեր խմբակցությունը բարձրաձայնել է հարցեր։ Այն ինչը տեսնելու էր, ես տեսել եմ բնականաբար և այն ինչ ասել եմ, այդ ամենը կասկածի տակ դնել չի կարող։ Ինչ վերաբերում է Լիտվայում իմ արած հայտարարություններին, այն հրապարակվել է և որևէ ավելացնելու բան չունեմ»։
Արձագանքելով Փաշինյանին՝ Աբրահամյանը ընդգծեց. «Եթե դուք տեսել եք իմ նկարագրածի գոնե կեսը, այս տեսանկյունից շատ տարօրինակ է ստացվում Ձեր հարցուպատասխանը Լիտվայում, որովհետև այնտեղ Դուք ներկայացնում էիք իրավիճակը այլ կերպ, որ Շուշիում ոչ մի ներդրում չի եղել, բնակելի շենքեր չեն եղել, որ դա նախապատրաստված է եղել հանձնման համար։ Այս դահլիճում ուղղակի կամ անուղղակի կերպով Դուք ներկայացնում եք, որ իրավիճակը այնպիսին է եղել, ինչպես ես էի ներկայացնում։ Ձեր հնչեցրած հայտարարությոընները որևէ կոնտեքստում ոչ հասկանալի են, ոչ էլ ընկալելի»։
Անդրադառնալով Տիգրան Աբրահամյանի դիտարկմանը՝ Փաշինյանն ասաց. «Ես անդրադարձել եմ բնակելի շինություններին և շարունակում եմ նույն հայտարարությանը անել, ի՞նչ կա ոչ հասկանալի։ Ձեր նշած ցանկը կարող է մի էջի վրա չտեղավորվել, ի՞նչ ծավալ է դա։ Իսկ ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում և ինչ ծավալի ներդրումներ են արվել Բադեն-Բադենում։ Այդ ներդրումները համեմատության եզր ունե՞ն, ի՞նչ եք հետապնդում այդ հարցերով։ Ձեզ թվում է միայն դո՞ւք եք եղել Շուշիում։ Տպավորություն ունեմ, որ զուգահեռ իրականության մեջ ենք ապրում։ Այն, ինչը հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել, դրա մասին ես Արմավիրի, Արարատի, Տավուշի մարզերում էլ եմ հայտարարել»,- ասաց Փաշինյանը:
0Comments